Այսօր ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ: Մեզ հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց, որ Արմեն Սարգսյանն ավելի ուշ կհանդիպի նաեւ իրենց կուսակցության անդամների հետ՝ ՀԴԿ գրասենյակում:
Սա, կարելի է ասել, նախնական հանդիպում է եղել, Արմեն Սարգսյանը պարզապես լսել է, թե ինչ մոտեցումներ կան, ինչ հարցադրումներ կան. «Ես իր ուշադրությունը հրավիրեցի այդ հարցերին, որոնք մենք գտնում ենք, որ կարեւորագույնն են եւ մեծագույն ազդեցություն ունեն մեր երկրի զարգացման վրա, առաջինը՝ տնտեսության զարգացման ճիշտ ուղիներ գտնելն ու իրականացնելը, արտագաղթը կանխելը: Դա միայն աշխատանք տալով չի, որովհետեւ երկրում հազար ու մի խնդիրներ կան կուտակված: Խոսեցինք առողջապահական համակարգի բացարձակ անհեթեթ իրավիճակից, երբ մարդիկ ոչ թե կարողանում են առողջություն ձեռք բերել, այլ առողջությունը կորցնում են: Խոսել ենք պետական պարտքի հետեւանքների մասին, դատական համակարգի հետ կապված խնդիրների, ներդրումային քաղաքականության վերաբերյալ:
Քննարկման շրջանակը շատ լայն էր՝ արտաքին մարտահրավերներ եւ այլն: Խոսք է գնացել նախագահի լիազորությունների մասին: Ես իրեն հայտնել եմ մեր կուսակցության մոտեցումը, մենք համարում ենք աբսուրդային իրավիճակ, երբ Անվտանգության խորհրդում չի լինելու ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը: Այնտեղ պետք է քննարկվեն, վերլուծվեն այն գործընթացները, որոնք երկրին են վերաբերում եւ աբսուրդ է, որ երկու կարեւորագույն ֆիգուրները չեն լինելու այնտեղ ներկայացված: Դա ուղղակի անհեթեթություն է: Եթե Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահը պետության գլուխն է, դա հո հենց այնպես խոսք չի, ո՞նց կարող է նա չմասնակցի կարեւորագույն հարցի քննարկմանը, որը կոչվում է պաշտպանություն: Ի՞նչ է նշանակում, որ գործադիրն է ամեն ինչ որոշելու, իսկ ո՞վ ասաց, որ գործադիրն ամեն ինչ ճիշտ է անելու: Անվտանգության խորհրդի կազմում պետք է լինեն խոշոր կուսակցությունների ազդեցիկ դեմքեր եւ մտավորականության այնպիսի գիտնականներ, որոնք հասկանում են այդ ամեն ինչը, դա խորհրդատվական մարմին է, այնտեղ ուղեղ պետք է աշխատի, ոչ թե ուրիշ բան»:
Արամ Սարգսյանն ասաց, որ կուսակցության անդամների հետ հանդիպմանը արդեն Արմեն Սարգսյանը կներկայացնի իր պատկերացումները. «Ես չեմ ասի, որ մենք ընկերներ ենք, համենայնդեպս, ծանոթ ենք, տեղյակ եմ իր մտահղացումներից ժամանակին բավական երկար զրույցներ ենք ունեցել: Հռոդոս կղզում ես երկար տարիներ եղել եմ «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային ֆորումի անդամ, ուր իրեն հրավիրել էր Վլադիմիր Յակոնինը: Արմեն Սարգսյանը փայլուն ելույթ ունեցավ պլենար նիստում, եւ այդ ամբողջ լսարանը՝ մոտ 500 հոգանոց, մեծագույն ուշադրությամբ եւ հաճույքով լսեց իրեն, ամբողջ լսարանի տրամադրությունը բարձրացավ իր ելույթից հետո, որովհետեւ ներկայացնում էր, թե ապագան ինչպես է եւ երեխաներին ոնց է պետք պատրաստել այդ ապագային: Նա լայնախոհ, լավ ինտելեկտով անձնավորություն է, միայն պատիվ կբերի մեր երկրին, մեր ժողովրդին, երբ ինքը ներկայացնի Հայաստանի հանրապետությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ