Փետրվարի 12-ին Երևանում` Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ:
ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ներկայացնելով Արմեն Սարգսյանին, նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ կարևորագույն պաշտոնում ոգևորող է կուսակցության համար, քանի որ լավ ծանոթ լինելով Արմեն Սարգսյանի գործունեությանը թե Հայաստանում և թե Սփյուռքում, ակնկալում են նոր քաղաքական մշակույթի ձևավորում և զարգացման նոր իրողություն Հայաստանի համար:
Արմեն Սարգսյանը նշեց, որ նախ ուզում է լսել կուսակցության ակնկալիքներն ու մոտեցումներն ինչպես իր առաջադրման, այնպես էլ հայաստանյան ու համահայկական խնդիրների վերաբերյալ, ապա ներկայացնել իր տեսլականը: «Եկել եմ ձեզ լսելու», ասաց նա` հիշելով անկախության առաջին տարիների իր այցելություններն «Ազգի» խմբագրություն, երբ միտքը զբաղված էր համակարգչային ծրագրերի համար հայկական տառատեսակներ ստեղծելու գաղափարով:
ՌԱԿ ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց մոտեցումները համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ, խոսում էին Հայաստանի ներսում օրենքի գերակայության, ներքին մթնոլորտը փոխելու, Սփյուռքի հետ հարաբերությունները նորովի կառուցելու, Սփյուռքի ցանցային կառույցներն արդյունավետ եւ ի նպաստ համահայական խնդիրների լուծման գործածելու անհրաժեշտությունից: Առանձնակի բարձրացվեց գիտության ու կրթութան զարգացմանը նպաստելու, զանգվածային լրատվամիջոցների անկախությանը նպաստելու նոր քաղաքական մշակությի ձևավորելու անհնարաժեշտությունը:
Արմեն Սարգսյանը ներկայացրեց բարձրացված հարցերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսլականը: