Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուրացկանությունը ՝ բիզնեսի տեսակ

Փետրվար 11,2018 20:48

Հայաստանի ամեն անկյունում հնարավոր է  հանդիպել  արտաքնապես մուրացիկի չնմանող մարդկանց, ովքեր ամեն քայլափոխի դիմացդ են դուրս գալիս և օգնություն խնդրում: Կան այնպիսիք, ովքեր նույնիսկ փողոցների մայթերն են բաժանել միմյանց միջև: Բազմիցս եմ ականատես եղել նման դեպքերի Վանաձորի մի շարք փողոցներում: Քաղաքում Տերյան փողոցից մինչև հրապարակ կարելի է հանդիպել մուրացկանների, ովքեր տարածքը հավասար բաժանել են: Փորձիր ձևացնել, թե դու էլ ես նրանցից մեկը և իրենց տարածքում կանգնիր. անհնար է, միանգամից հարձակվում են վրադ: Մի անգամ նույնիսկ ականատես եղա մի քաշքշուքի. երկու մուրացիկ վիճում էին տարածքի համար: Դեպքեր են եղել, որ նրանցից շատերին տեղի ոստիկանական բաժանմունք են տեղափոխել: Հաճախ եմ Վանաձորում լինում, և ամեն անգամ մի նոր դեպք, նոր պատմություն:

Հերթական այցս էր Վանաձոր, երբ դեռ ոտքս էլ չդրած քաղաք, մոտեցավ մի մուրացիկ կին: Գումար խնդրեց, տվեցի ու փորձեցի մի քանի բառ փոխանակել հետը: Անունը Արաքսյա էր: Պարզեցի, որ ապրում էր մեր տնից ոչ այնքան հեռու: «Որդիներս երկրում չեն, գնացել են Ռուսաստան, իբր աշխատելու, ինձ էլ մոռացել են: Ամուսնուս մահից հետո շատ պարտքեր կուտակվեցին, ստիպված եմ մուրացկանություն անել: Այստեղ էլ իմ տեղն է, իմ տարածքն է, ամեն օր այստեղ եմ լինում»:

Առաջարկեցի աշխատանք փնտրել, բայց ինքս էլ լավ գիտակցում էի, որ նրա տարիքի կնոջը, այն էլ մեր փոքրիկ Վանաձորում, ոչ ոք գործ չէր տա: Շատ ազդվեցի. տվածս գումարը մի բան չէր, բայց մտածեցի գոնե օրվա ապրուստ կլիներ խեղճի համար: Կնոջը համբերություն մաղթեցի ու գնացի  տուն: Կատարվածի մասին պատմեցի տատիկիս և ամենատխուր պահը, երբ տատիկս թեթև հարվածեց ուսիս ու ասաց. «Է՜, Ռիմա ջան, շատ միամիտ ես»: Ուշադրություն չդարձրեցի:

Հաջորդ օրը գնում եմ ընկերներիս տեսնելու և ամենահետաքրքիրը, որ տեսնում եմ նույն Արաքսյա տատիկին, ուրիշ տեղում, մեկ ուրիշ պատմությամբ գումար է մուրում: Ու հարցնում եմ ինքս ինձ, թե հիմա ո՞վ է ավելի խեղճ , ե՞ս, թե՞  կինը: Որոշեցի նորից մոտենալ ու ձևացնել, թե չգիտեմ ով է ինքը: Հարցնում եմ, թե ինչի է մուրացկանություն անում, հիմա էլ խաբում է, թե տղան է վատառողջ, չի կարողանում քայլել և վիրահատության փող է անհրաժեշտ: Սուտ ստի հետևից. ես ինչ էլ  որ ասեի, մեկ է, ոչինչ չէր փոխվելու: Միայն մի բան էր մնում. նորից գործ փնտրելու մասին մտածել:

Հիշեցի, որ մեր բակի մթերային խանութում հավաքարարի աշխատանք կար, զանգեցի եղբորս, խնդրեցի, որ գնա  ճշտի պայմանները: Իմացանք, որ օրավարձը 1500 դրամ է: Ասացի կնոջը, նույնիսկ առաջարկեցի ուղեկցել, բայց, թե ինչ պատասխան ստացա օգնությանս դիմաց. «Էդ էր մնում ես հավաքարար աշխատեմ, ես իմ տարածքն ունեմ, իմ օրավարձն այս մուրացկանությունից ավելի բարձր է, քան քո գտած անտեր գործը: Դու էլ գնա գրողի ծոցը, գործն էլ»:

Ու, իրոք, Հայաստանի ամեն մի անկյունում ամեն մուրացկան իր տարածքի սեփականատերն է, ու դա իրենց ավելի է դուր գալիս, քան մի տաք անկյունում թեկուզ հավաքարարի աշխատանքը:

 Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728