Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թույլ լսողություն. ուժեղ կամք

Փետրվար 11,2018 19:37

«Մայրս միշտ էնպես էր անում, որ ինքն իրեն հասարակության լիարժեք անդամ զգար, ու իրեն շրջապատողներն էլ ընդունել են էնպիսին, ինչպիսին կա: Հետաքրքիր բան պատմեմ…հիշում եմ, որ փոքր էինք, միշտ մայրս իրեն սովորեցնում էր բառերը ճիշտ արտասանել, հայելին պահում էր բերանի մոտ, բառն ասում էր, Սենոն կրկնում էր ու էնքան, մինչև ճիշտ ասեր: Իմ ու փոքր եղբորս մոտ էլ էր սովորություն դարձել, եթե սխալ բառեր էր ասում, ուղղում էինք, բայց ինքն իրեն վատ չէր զգում դրանից, հակառակը ,ամեն անգամ, երբ մի նոր բառ էր ճիշտ ասում, ուրախանում էր, ուզում էր նորերը սովորել»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սենիկ Սերոբյանի քույրը:

Իսկ ես՝ նրա դասընկերուհին, կարող եմ հազար ու մի պատմություն պատմել Սենոյի մասին (չի սիրում,երբ իրեն Սենիկ են ասում): Ամենից վառ հիշում եմ 8-րդ դասարանը: Դպրոցում համարվում էր ներառական աշակերտ լսողական խնդիրների պատճառով (հիվանդությունը՝ թույլ լսող), ու ամեն օր դպրոցն անվճար սնունդ էր տրամադրում նրան ու իր նման  խնդիրներ ունեցող  մնացած աշակերտներին:

«Սենիկ Սերոբյան, Լիլիթ Գաբոյան… եկել ե՞ն: Իրենց ասեք թող իջնեն ուտելիքն ստանան». ամեն անգամ դասարանի դուռը բացվում էր ու ջոկատավարուհին գռեհիկ տոնով կրկնում էր այս նախադասությունը: Ուղղակի տեսնել էր պետք Սենոյի դեմքը. այս փոքրամարմին, բայց հզոր կամքի տեր տղան կախում էր գլուխը, բայց երբեք չէր օգտվում դպրոցի «ողորմությունից»:

«Չէ, ինչի՞ց նեղվեմ, իրականությունն էս ա, ինձ էլ Աստված սենց ա ստեղծել: Ծնողներս ու շրջապատս երբեք չեն թողել, որ զգամ թերությունս, հակառակը, միշտ կողքիս են եղել, ու ես ինձ լիարժեք եմ զգացել»,- հարցազրույցի սկզբում նշեց Սենոն:

Շատ փոքր տարիքից է զբաղվել սպորտով՝ սկզբում ֆուտբոլ, հետո ըմբշամարտ: Սկզբում ոչ բոլորն են աջակցել, շատերը նույնիսկ ծաղրել են, մտածել՝ ինչի ՞ կարող է հասնել այս երեխան, ոմանք էլ  միշտ քաջալերել են, բայց այն մեծ հույսը, այն մեծ ձգտումը, որն  իր մեջ է եղել, հաղթել է բոլորին ու ամեն ինչ:

«Հիշում եմ` ձմեռը, որ երթուղային չէր լինում, ոտքով էր գնում պարապմունքի: Մտքում միայն մի բան կար. հաղթել բոլոր մրցաշարերում: Արեց մտքինը, մեր ընտանիքի երազանքն իրականացրեց: Հայրս հունահռոմեական ոճի անձնական մարզիչն է: Մրցումների  ժամանակ միշտ գնում է հետը, թեև ինքը չի սիրում, որ հարազատներն ու ընկերները գնում են իր հետ»,-պատմեց քույրը՝ Սերինե Սերոբյանը:

Առաջին հաղթանակը Եվրոպայի  2011 թվականի առաջնության ժամանակ էր, երբ 2-րդ տեղն զբաղեցրեց: «Այդ ժամանակ ընդամենը 7 ամիս էր,որ պարապում էի: Աննկարագրելի զգացողություն էր: Մինչ այդ Հայաստանում 3-րդ տեղն էի զբաղեցրել, բայց անհամեմատելի զգացողություններ էին. նույնը չի, որ մրցես ազգակցիդ հետ,եվրոպականի ժամանակ ազգիս պատվի հարցն էր»: 2014  թվականին Երևանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ գրավել է 1-ին տեղը հաղթելով թուրք մարզիկին: «Դե դա ուրիշ երանություն էր, ու դրանից հետո սովորության նման մի բան էր դարձել թուրքերին հաղթելը»: 2015-ին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ գրավեց 2-րդ տեղը, իսկ հաջորդ տարի Թեհրանում՝ 1-ին տեղը:

«Իմ սպորտային կարիերայի ընթացքում 3 անգամ ճանաչվել եմ Վանաձորի լավագույն մարզիկ,2015-ին պարգևատրվել եմ «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության » ոսկե մեդալով,նուն թվականին ստացել եմ «միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչումը»:

«Երբեք ոչինչ ինձ չի խանգարել ու չի խանգարի. ո՛չ ոմանց հեգնական հայացքներն ու ծաղրական ձայնարկությունները և ոչ էլ  ոմանց տգիտությունը: Իմ լսողական խնդիրներն ամենափոքր խոչընդոտներն էին, որ ես հաղթահարել եմ, մնացածը դեռ նոր եմ նվաճելու»:

Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728