Փետրվարի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գերմանիա ժամանած սիրիահայ գործարարներ խմբին:
Սիրիահայ գործարարները և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ներկայացուցիչները ՀՀ դեսպանին հակիրճ ներկայացրել են իրենց այցի նպատակը և հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ողջունելով հյուրերին` դեսպան Սմբատյանը նշել է, որ Սիրիայից մեր հայրենակիցների ընդունումը, նրանց կեցության ապահովումը և լիարժեք ինտեգրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, և այս ճանապարհին մեծապես կարևորում ենք նաև մեր եվրոպացի գործընկերների` գերմանացիների աջակցությունը` ուղղված ինտեգրման, մասնավորապես գործարար ոլորտում նրանց կայացման գործընթացն առավել հարթ դարձնելուն: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել գերմանական իշխանություններին` «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը կյանքի կոչելու համար, որի առաջին արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:
Գերմանիա այցի շրջանակներում սիրիահայ գործարարները հանդիպումներ են անցկացրել Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, քննարկել ապագա համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն