Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակը ցույց կտա, որ ես ունակ եմ». Արմեն Սարգսյանը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին

Փետրվար 11,2018 17:30

ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ:

Խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ սուր հարցադրումներ են իրենք հնչեցրել հանդիպման ժամանակ՝ արտագաղթի, աղքատության հաղթահարման, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի, կրթության ոլորտի խնդիրների մասին:

Հարցին՝ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, Արմեն Սարգսյանը ծրագիր ունե՞ր այդ խնդիրները հաղթահարելու, ինչ-որ լուծումներ առաջարկո՞ւմ էր՝ նա պատասխանեց. «Մեր ընդհանուր տպավորությունը դրական էր: Հնչել են տարբեր հարցեր՝ տարբեր ոլորտներից: Պարոն Սարգսյանը, որքան ես գիտեմ, պետք է հանդիպի մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, դրա համար մենք մեր դիրքորոշումը կամբողջացնենք պարոն Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, երբ մեր խմբակցությունում եւս մեկ անգամ քննարկում կունենաք, կհնչեն տրված հարցերը, պատասխանները ի մի կբերենք եւ հանրությունը կիմանա մեր գնահատականն ու դիրքորոշումը»:

Մեր հարցին՝ դուք ի՞նչ զգացիք, Արմեն Սարգսյանը կարո՞ղ է հակակշռել իշխանության մյուս թեւերին՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Կոնկրետ այդ հարցը ես բարձրացրեցի, որ Հայաստանում այս պահին ունենք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության բնականոն  գործունեությունը հավասարակշռելու խնդիր, ինքն ասաց, որ ընդամենը ժամանակ է պետք եւ ինքը դա կփորձի ապացուցել: Այսինքն, այդ պահին բնական է, հնարավոր չէր խոստանալ, որ բոլոր խնդիրները կլուծվեն, բայց ինքն ասաց, որ ժամանակն է ամենամեծ դատավորը, ժամանակը ցույց կտա, որ ես ունակ եմ: Հիմա իսկապես պետք է սպասել, տեսնել: Նախ, ինքը չի ընդունվել՝ որպես նախագահ, նա ուղղակի պատասխանեց՝ ժամանակի սպասումով՝ հորդորելով սպասել, իսկ թե ժամանակը ինչ ցույց կտա՝ կախված է իրենից»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի խոսի Արմեն Սարգսյանի հետ հանդիպման բովանդակության մասին. «Պարոն Սարգսյանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչպես է ինքը տեսնում Հայաստանի զարգացումը եւ ինչ կարող է ինքն անել: Մեր պատգամավորները Արմեն Սարգսյանին ուղղել են հարցեր: Ես իմ անձնական տպավորությունները չեմ հրապարակի, անձնական կարծիք հայտնել նման կարեւոր հարցի վերաբերյալ՝ ես կմնամ ձեռնպահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728