«Սարատովյան ավիաուղիներին» պատկանող Ан-148 ուղեւորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից Օրսկ էր ուղեւորվում, վթարի է ենթարկվել:
«Ինտերֆաքսին» արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ ենթադրվում է՝ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի շրջանի Արգունովո գյուղի մոտակայքում եւ ինքնաթիռի անձնակազմն ու ուղեւորները փրկվելու հնարավորություն չունեին:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, այսինքն՝ 71 մարդ:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, ականատեսները տեսել են, թե ինչպես է ընկնում այրվող ինքնաթիռը:
Ан-148-ի թռիչքը «Դոմոդեդովո» օդանավակայանից է եղել: Ռուսաստանի Հիդրոմետի տվյալներով՝ վթարի վայրում ամպամած եղանակ է, ձյուն:
Ըստ «Ինտերֆաքսի»՝ արդեն գտնվել են վթարի վայրում մարմինների մասեր, ինքնաթիռի բեկորներ: Նույն աղբյուրի հաղորդմամբ, վթարի վայր տեխնիկա չի մտնում, փրկարարները տարածքին մոտենում են ոտքով: