Այս կեքսը, որն անգլիացիները կոչում են pound cake եւ կազմում է հայտնի անգլիական հետկեսօրյա թեյախմության` “5 o’clock tea”-ի անբաժան մասը, հայտնի է դեռ 1700-ականներից: Կեքսը երբեմն կոչում են նաեւ «չորս բաժին», որովհետեւ նրա բաղադրությունը շատ պարզ է` 1:1:1:1 բաժնեմասերով պետք է վերցնել կարագ, շաքար, ձու եւ ալյուր: Ժամանակին այդ բաժնեմասերից յուրաքանչյուրը կշռել է 1 ֆունտ` մոտավորապես 454 գրամ: Այսօր ընդունված է վերցնել ոչ թե 1 ֆունտ` 454 գրամ, յուրաքանչյուր բաղադրիչից, այլ` 250 գրամ: Արդյունքը, ըստ էության, նույնն է:
Անհրաժեշտ մթերքները
Կարագ- 250 գրամ
Շաքարավազ-250 գրամ
Ալյուր-250 գրամ
Ձու-250 գրամ (5 հատ)
Սոդա-1 թեյի գդալ
Հավելումներ` ըստ ճաշակի (վանիլի կամ նշի մզվածք, ռոմ, նարնջի կամ կիտրոնի կեղեւ եւ հյութ, չամիչ, չորացրած հատապտուղներ, կոնյակ, շոկոլադի կտորներ եւ այլն):
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցրեք, ավելացրեք շաքարավազը, լավ հարեք, հատիկ-հատիկ ավելացրեք հավկիթները, շարունակեք հարել: Ավելացրեք ալյուրն ու սոդան եւ բուրավետ հավելումները: Ես, օրինակ, այս դեպքում ավելացրել եմ կես կիտրոնի քերած կեղեւ եւ կես կիտրոնի հյութ, ինչպես նաեւ 50 գ ռոմ:
Կեքսի համար նախատեսված ուղղանկյուն կամ կլոր` մեջտեղում անցք ունեցող թավան լավ յուղոտեք, խմորը լցրեք մեջը եւ դրեք 160 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստ կլինի մոտավորապես 30-40 րոպեից: Հարկավոր է ստուգել փայտիկով` եթե չոր դուրս գա, ուրեմն պատրաստ է:
Կեքսը հանեք ջեռոցից, շուռ տվեք մատուցարանի վրա: Կարող եք մատուցել հենց այդպես, կարող եք վրան շաքարի փոշի ցանել: Այս անգամ ես որոշեցի միանգամից երկու տեսակի ջնարակ (глазурь) անել` սպիտակ` կիտրոնի, եւ սեւ` շոկոլադի:
Սպիտակ ջնարակի համար 3 ճաշի գդալ շաքարի փոշու վրա լցրեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ լավ խառնեք գդալով, հարկ եղած դեպքում էլի շաքարի փոշի կամ կիտրոնի հյութ ավելացրեք, որ դառնա բավականին մածուցիկ սպիտակ զանգված:
Շոկոլադե ջնարակի համար 100 գ սեւ շոկոլադը 30 գրամ կարագի հետ մեկ րոպեով դրեք միկրոալիքային վառարան կամ հալեցրեք ջրային բաղնիքի (գոլորշու) վրա:
Ջնարակները քսեք գոլ կեքսի վրա, թողեք սառչի եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ