Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի ու անսպասելի

Փետրվար 11,2018 12:00

Սահմանադրական փոփոխությունները վաղուց են ընդունվել, բայց նույնիսկ գրագետ ու քաղաքականությունից ոչ հեռու քաղաքացիները նոր են միայն հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում սահմանադրական փոփոխությունները: Ասում ենք՝ գրագետ քաղաքացիները, բայց իրականում պատգամավորներից ոմանք էլ բավական պատկերացում չունեն: Օրինակ՝ իմ պատգամավոր ծանոթներից մեկն ընդամենը մի քանի ամիս առաջ դեռևս չգիտեր, թե ՀՀ 4-րդ նախագահը քանի՞ տարով է ընտրվելու: Ընդ որում՝ ասածս միանգամայն նորմալ պատգամավոր է, այլ ոչ թե կոճակ սեղմողներից: Բայց չգիտեր: Ուրիշ շատ նրբություններ էլ չգիտեր՝ նոր Սահմանադրության հետ կապված: Ավելին. ինքն ինձնից էր ուզում որոշ բաներ ճշտել: Բայց, անկեղծ ասած, ինձ համար էլ էր շատ բաներ անիմանալի: Օրինակ՝ միայն Արմեն Սարգսյանի թեկնածությունից հետո եմ իմացել, որ չորրորդ նախագահը ամբողջ յոթ տարով է նախագահ ընտրվում, ոչ թե, ասենք, հինգ:

5-րդ նախագահի ընտրության ժամանակ անկասկած ավելի տեղեկացված կլինենք: Բայց դա, փաստորեն, լինելու է յոթ տարի հետո: Ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի: Կամ՝ ավելի դաժան էլ են ասում. յոթ տարի հետո ով սաղ, ով՝ մեռած:

Հայաստանում յոթ տարով նախագահ ընտրվողին անգլիական թագուհի անվանելն առնվազն կարճամտություն է: Բայց մեզանում այդպես անվանողներ կան: Շատ իզուր: Ասում են, որ Արմեն Սարգսյանն իր հակումներով ու հանդարտությամբ բացարձակապես վտանգ չի ներկայացնում Սերժ Սարգսյանի համար: Համաձայն ենք: Բայց Արմեն Սարգսյանի փոխարեն ուրիշ ով էլ լիներ, վտանգ չէր ներկայացնելու: Յոթ տարով ընտրված նախագահն ինչո՞ւ պիտի աչք դնի վարչապետի պաշտոնին:

Մի խոսքով՝ ինչ թղթի վրա է գրված, դեռ պիտի կյանքով ստուգվի ու ճշտվի: Եվ շատ ու շատ չսպասված ու անակնկալ հանգամանքներ ի հայտ կգան: Ընդ որում՝ հանգամանքներ, որոնք մեր մտքի ծայրով անգամ չէին անցել: Եվ ընդհակառակը՝ շատ բաներ, որ մեր մտքով անցնում էին, այլևս չեն անցնում: Օրինակ՝ այլևս չենք մտածում, որ 4-րդ նախագահը ձևական պաշտոն է և ընդամենը նորընտիր վարչապետի ձեռքի տակ նախագահ է աշխատելու:

Որպեսզի նորընտիր նախագահը նորընտիր վարչապետի ձեռքի տակ յոթ տարի նախագահ աշխատի, նախ պիտի նորընտիր ու ամենազոր վարչապետը յոթ տարի վարչապետ մնա: Սա նույնպես հարյուր տոկոսանոց տարբերակ չէ: Եվ ընդհանրապես՝ կյանքում ու նաև քաղաքականության մեջ հարյուր տոկոսանոց տարբերակներ գոյություն չունեն ու չկան: Այնպես որ, շատ հնարավոր է, որ Հայաստանի Երրորդ հանրապետության ամենակարճաժամկետ վարչապետ Արմեն Սարգսյանը Հայաստանի Երրորդ հանրապետության ամենաերկարաժամկետ նախագահը դառնա: Եթե ամեն ինչ բնական հունով ընթանա, այդպես էլ կլինի:

Մի խոսքով՝ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի շնորհիվ արժանացավ Հայաստանի ամենաերկարակյաց նախագահը լինելու պատվին: Իհարկե, այլ կարծիք էլ կա: Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի արժանիքները հաշվի առնելով է կանգ առել Արմեն Սարգսյանի թեկնածության վրա: Այսինքն՝ ինչքան որ Արմեն Սարգսյանն է շահել Սերժ Սարգսյանի ընտրությունից, նույնքան էլ Սերժ Սարգսյանն է շահել իր իսկ ընտրությունից, որովհետև շատերն են նշում ու շեշտում, որ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն լավագույնն է: Այսինքն՝ լավագույն նախագահի թեկնածուին հայտնաբերողն իրավամբ արժանի է, որ ինքն էլ ամենամեծ լիազորություններով վարչապետը դառնա:

Մի խոսքով՝ կամաց-կամաց սկսում ենք հասկանալ սահմանադրական փոփոխությունների հետ կապված նրբություններն ու հանգամանքները: Բայց, իհարկե, սա դեռ սկիզբն է: Ընտրություններից հետո միանգամայն նոր հանգամանքներ ի հայտ կգան: Շատ նրբություններ ի հայտ կգան, որոնք ոչ միայն մենք ու պատգամավորները հաշվի չեն առել, այլև իրենք՝ ընտրվողները: Այսինքն՝ Արմեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի համար էլ են չնախատեսված հանգամանքներ ի հայտ գալու: Մի խոսքով՝ բոլորիս համար միանգամայն նոր ժամանակներ են:

Եվ նոր ժամանակներին հարմարվելու ու ինտեգրվելու համար մեզնից շատ բան է պահանջվելու: Մեզնից պահանջվելու է, որ մենք գիտակցաբար ու ըմբռնումով ընդունենք երկարաժամկետ նախագահի և ամենակարող վարչապետի գոյությունը: Ասացինք, որ շատերի համար էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը հաճելի: Հաճելի էր ու անսպասելի:
Անսպասելի էր նաև, որ ՀՀ նախագահի թույլտվությամբ հնարավորություն տրվեց, որ Սարգիս Հացպանյանը հուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Սա մեր ընդհանուր թեմայի հետ առնչություն չունի, և եթե առնչություն ունի էլ, այն է, որ շատերի համար անսպասելի էր: Հաճելի էր ու անսպասելի: Չնայած Հացպանյանն ավելի քան արժանի էր:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

10.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728