Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկ» քրեակատարողականի դատապարտյալը ռեկորդ է սահմանել ու հաղթանակը նվիրել Գագիկ Ծառուկյանին  (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 10,2018 23:40

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն․ դատապարտյալ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել․  նա կատարել է  8 կիլոգրամ կշռող կշռաքարերով վարժություն՝  կշռաքարերը մեկ րոպեում 105 անգամ վեր  բարձրացնելով, այնուհետ  7 կիլոգրամանոց  կշռաքարերը՝ 10 000 անգամից ավելի բարձրացրել է  2 ժամում։ Քանի որ ռեկորդն արդեն իսկ գրանցվել է, հանձնաժողովականները ընդհատել են իրենց ապշեցնող մարզիկին, այլապես նա ի վիճակի է եղել շարունակել վարժությունը։  Նրա կրկնակի ռեկորդը գրանցվել  է «Դյուցազնագրքում»։

Մարզիկը «Դյուցազնագրքում» գրանցվելու  հայտ ներկայացրել  էր անցած տարվա  մայիսին․  6 կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը նա կատարել էր 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ՝  կցագնդերը կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ եւ ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով։ Այն ժամանակ քրեակատարողական էին այցելել ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը և «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը, որպեսզի նկարահանեին ու ռեկորդը գրանցելու համար նյութերը ուղարկեին «Դյուցազունների ասոցիացիա։

Երեկ էլ նույն կազմն՝ ավելի ընդլայնված, դարձյալ այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝  այս անգամ արդեն ռեկորդը  վերջնականապես «Դյուցազնագրքում» գրանցելու նպատակով: Այս անգամ երիտասարդն  էլ ավելի է ապշեցրել հանձնաժողովի անդամներին՝ կրկնակի ռեկորդ սահմանելով։  Հանձնաժողովում ընդգրկված են եղել ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը,  «Դյուցազնագրքի» հեղինակ, «Դյուցազունների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը , Պաուեր լիֆթինգի/  Հայաստանի ուժային եռամարտի/ ֆեդերացիայի նախագահ, նույն մարզաձևի  Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը և «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ  Ղուկաս Ղուկասյանը:

«Այս քայլով ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչությունը  մեկ անգամ ևս ապացուցեց, որ կոմիտեն պատրաստակամ է աջակցել ցանկացած մարզիկի՝ խրախուսելով առողջ ապրելակերպն ու տարածել «Առողջ մարմնում առողջ հոգի» գաղափարը», -մեզ հետ զրույցում ասաց ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը։  Դատապարտյալն իր հաղթանակը նվիրել է Գագիկ Ծառուկյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմեն Բադեյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728