Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդիում երիտասարդը Փոստանջյանին ասաց. «Մեր նախագահի հասցեին ստեղ բան չասեք»

Փետրվար 10,2018 22:47

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Լոռիում շարունակեց իր իրազեկման ակցիան, որով քաղաքացիներին կոչ է անում համախմբվել եւ չհանդուրժել իշխանություններին: «Ցավով ենք ասում, որ Ալավերդիում էլ մարդ չի մնացել: Սա հատուկ մտածված ծրագիր է: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարում հարյուր հազարավոր քաղաքացիներ լքել են երկիրը. եթե հանդուրժենք իշխանությանը, Հայաստանը կդատարկվի հայերից»,-շրջելով Ալավերդիի փողոցներով՝ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Նա բնակիչներին հայտնեց, որ առաջիկա երկու ամսում՝ նույն օրը եւ նույն ժամին, քաղաքացիները պետք է դուրս գան փողոց եւ պահանջեն իշխանության հրաժարականը. «Մարտին եւ ապրիլին մենք կարող ենք տապալել իշխանությունը: Կամ կտապալենք, կամ կփթենք այս ճահճում»:

«Երկիր Ծիրանիի» անդամների կողքով ավտոմեքենայով երիտասարդ անցավ, որին մոտեցավ Զարուհի Փոստանջյանը եւ հարցրեց.

Երիտասարդ, ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք խանգարում:

-Ոչ մի բան, չի կարելի՞ անցնել:

Չէ, քանի՞ անգամ եք անցնում, արագարագ անցեք,մի խանգարեք մեզ:

-Մեր նախագահի հասցեին ստեղ բան չասեք,-նետեց տղամարդն ու հեռացավ:

Զարուհի Փոստանջյանը բղավեց. «Ձեր նախագահի հասցեին կասենք ինչ ուզում ենք, դե փախեք ստեղից»:

Ապա նա մոտեցավ ոստիկաններին՝ դժգոհելով, թե ինչու են նրանց ուղարկել իրենց հսկելու. «Գնացեք առաջին գիծ, ձեր տեղն այնտեղ է: Տաք հագնված 21 000 ոստիկան ունենք, իսկ մեր զինվորներին ծնողներն են հանդերձանք ուղարկում»:

Առեւտրի կետերից մեկում էլ մի կին-վաճառողի դուր չեկավ «Երկիր Ծիրանիի» անդամների իրազեկման ակցիան եւ նա կոչ արեց հեռանալ: «Ինձ բռնությա՞մբ եք սպառնում»,-բացականչեց Չարուհի Փոստանջյանը: Ապա կինը կուսակցության անդամներից Մարինա Խաչատրյանին ասաց,-«քայլող շա՞ռ ես, գնա ստեղից»,-ու ոստիկանին խնդրեց հեռացնել «Երկիր Ծիրանիի» կանանց:

Ապա «Երկիր Ծիրանիի» անդամներին մոտեցավ նույն երիտասարդը: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նա ՀՀԿ-ական է եւ հիմա էլ իր ընկերների հետ է եկել «հաշիվ պահանջելու»: Կանայք եւ երիտասարդը փոխադարձ վիրավորանքներ ասացին իրար հասցեին: Փոստանջյանը նրանց «ոհմակի ներկայացուցիչներ» անվանեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728