Լրահոս
Օրվա լրահոսը

Սայաթ Նովայի քամանչան, ձեռագիր երգարանն ու Թումանյանի նվիրատվության նամակը` «ՏաշիրՍթրիթ»-ում (Ֆոտոշարք)

Փետրվար 10,2018 21:52

Երևանի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գտնվող «Տաշիր Սթրիթ»-ում (Tashir Street Shopping Gallery) այսօր տեղի ունեցավ «Տաշիր փողոցը» մշակույթի և զբոսաշրջության կենտրոն հռչակելու ծրագրի շնորհանդեսը:

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի և «Տաշիր սթրիթ»-ի միջև համագործակցության հուշագրերի ստորագրումից հետո տեղի ունեցավ թանգարանային առաջին ցուցանմուշի բացման արարողությունը:

«Տաշիր Սթրիթ»-ի այցելուները մեկ ամիս շարունակ կարող են հիանալ մեկ ցուցափեղկում ներկայացված՝ Սայաթ Նովայի քամանչայով, ձեռագիր երգարանով ու Թումանյանի նվիրատվության նամակով։

Անգնահատելի այս գանձերի մշտական «հանգրվանը» Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն է։ Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով, Սայաթ Նովային վերագրվող քամանչայի կողքին թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացվում է աշուղի՝ պահպանված միակ ինքնագիր երգարանը կամ դավթարը, ինչպես ինքն էր կոչում:

«Սա մեզ համար կրկնակի մասունք է: Բացի այն, որ երգարանը պատկանում էր Սայաթ Նովային, այն Խորհրդային Հայաստանի կառավարությանն է նվիրել Հովհաննես Թումանյանը: Սայաթ Նովայի դավթարի կողքին Գրականության ու արվեստի թանգարանում ցուցադրվում է նաև Թումանյանի նվիրատվության նամակը: Մինչև 1921 թվականը ձեռագիրը գտնվել է Թումանյանի Թբիլիսիի տանը։ Ցուցանմուշները թանգարանից դուրս հանելու հարցում խիստ պահպանողական ենք, բայց այս քայլով փորձեցինք փոխել մոտեցումը՝ մեր արժեքները լայն հանրությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով»,- ասաց թանգարանի տնօրենը։

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն իր խոսքում նշեց, որ նախարարությունը մշտապես փնտրում է հարթակներ՝ հանրահռչակելու մեր ազգային մշակույթը, և մշակութային նոր «լսարան» ձեռք բերելու խնդիրը խիստ այժմեական է։ Այդ առումով, ըստ փոխնախարարի, «Տաշիր Սթրիթ»-ի հետ համագործակցության նոր ձևաչափը կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ։

«Երկրի զբոսաշրջային գրավչությունն ապահովում է նաև մշակութային բաղադրիչը։ Ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները՝ զբոսնելով ու պարզապես գնումներ անելով այս տարածքում, կարող են ծանոթանալ մեր մշակութային մասունքներին և, ինչո՞ւ ոչ, իրենց քայլերն ուղղել դեպի թանգարաններ՝ ծանոթանալու մեր թանգարաններում պահպանվող մշակութային հարուստ ժառանգությանը»,-ասաց Արև Սամուելյանը։

Միջոցառման «պաշտոնական» մասին հաջորդեցին նաև ազգային երգն ու պարը՝ ազգային մշակույթի ինտերակտիվ միջավայրում:

Ալիսա Գևորգյան

Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728