Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երեխան գրկում է քեզ և ասում «մամա», դու քեզ պարտավորված ես զգում նրա նկատմամբ. Մարիամ Գալստյան

Փետրվար 10,2018 21:43

«Ես չեմ կարողանում իմ երեխային բացատրել, թե ինչու նա չի հաճախում նույն դպրոցը, ուր գնում են իր ընկերները: Չնայած ես իրավունք ունեմ նրան տանել այդ դպրոցը, չտանելու պատճառներն իրականում ավելի շատ են»,- ասում է Պոլինա Իվանովան, որի երեխան տառապում է մտավոր հետամնացությամբ:

Կան հաշմանդամության մի քանի աստիճաններ, որոնց դեպքում երեխաները չեն հաճախում դպրոց: Ներառված երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներ, կազմվում է բազմամասնագիտական թիմ: Ներառական դպրոց հաճախելու համար կատարվում է բժշկահոգեբանամանկավարժական գնահատում:

Ինեսա Մարտիրոսյանը սովորում է «Հատուկ մանկավարժություն և հոգեբանություն» բաժնում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Կարծում եմ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հաճախի ներառական դպրոց, քանի որ նրանց ավելի շատ հարկավոր է շրջապատի հետ շփումը, մարդկանց սերն ու ջերմությունը, որոնց միջոցով նրանք ստանում են հոգեբանական աջակցություն: Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն այս երեխաների համար, այլ նաև հասարակության համար․ տեսնելով նման տիպի մարդկանց, նրանք սովորում են, որ հասարակությունը բաղկացած է նաև հաշմանդամություն ունեցող անձանցից»:

Հատուկ դպրոցում աշխատող ուսուցիչները պետք է միևնույն ժամանակ աշխատեն և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ բնականոն զարգացում ունեցող երեխաների հետ: Ըստ մանկավարժների՝ նման երեխաների հետ աշխատելու հիմնական դժվարությունները հետևյալն են՝

-Մանկավարժը պետք է երեխային ընդունի այնպիսին, ինչպիսին նա կա։

-Չպետք է զզվի, քանի որ հիմնականում այդ տիպի երեխաները ունենում են արտաբերման ապարատի հետ կապված խնդիրներ․ լինում է թքարտադրություն, ունենում են սպեցիֆիկ հոտ, ակամամիզություն և այլն։

-Պետք է կարողանա ճիշտ ձևով հակազդել երեխայի ոչ համարժեք վարքին։

-Ուսուցիչը պետք է կարողանա ճիշտ փոխհարաբերություն հաստատել մանկավարժ – ծնող – երեխա շղթայում: Կարողանա ծնողին ճիշտ բացատրել նրա երեխայի խնդիրը: Հաճախ ծնողները չեն ընդունում, որ իրենց երեխան խնդիր ունի: Այդ դեպքում ուսումնական գործընթացը արդյունավետ չէ ու գրեթե անհնար։

«Երբ երեխան գրկում է քեզ ու ասում «մամա», դու քեզ պարտավորված ես զգում երեխայի նկատմամբ: Ցանկանում ես նրան տալ այն, ինչի կարիքը շատ ունի։ Ես  սիրում եմ իմ մասնագիտությունը և այն երեխաներին, որոնց կրթելու և դաստիարակելու եմ»,-ասում է սուրդոմանկավարժ Մարիամ Գալստյանը:

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Լուսանկարը՝ www.cnsdb.ca  կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728