Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Իրենք վախենում են կորուստներից, ամեն նման հայտարարությունից հետո պետք է կոնկրետ գործողություն լինի» (Տեսանյութ)

Փետրվար 10,2018 14:42

«Եթե Ադրբեջանը ցանկանար իր պարտավորությունները կատարել, Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից հետո կկատարեր»,- «Տեսակետ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն` անդրադառնալով նախագահներ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումից հետո հայկական կողմից հնչած լավատեսական տեսակետներին: Այս առումով, նախկին պատգամավորն իլյուզիաներ չունի: Այն, որ Ադրբեջանը չի էլ պատրաստվում կատարել իր պարտավորությունները եւ գնալ հարցի խաղաղ ճանապարհով լուծման, ասում է՝ ցույց են տալիս Իլհամ Ալիեւի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները:

Հիշեցնենք՝ Երեւանը գրավելու մասին Ալիեւի վերջին հայտարարությունը հնչեց օրերս, «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարում: Թեւան Պողոսյանը մի բան չի հասկանում`նման կամ համանման հայտարարություններ միշտ են հնչել`ինչո՞ւ է այս մեկը Հայաստանում այսպիսի աժիոտաժ առաջացրել:

Ադրեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը հոկտեմբերից ապրիլ բանախոսը պայմանավորում է Ադրբեջանի ներքին իրավիճակով:

Ասում է`Ադրբեջանը կգնա սրացումների, երբ զգա՝ ինքը մի քիչ առավել ուժեղ է: Նկատում է` իրենց պատմության ու դաստիարակության մեջ Ալիեւի խոսքերն են մնալու: Կարծում է` Ադրբեջանի հակահայկական հայտարարություններին պիտի գործողություններով հակադարձենք: «Իրենք վախենում են կորուստներից, ուրեմն ամեն նման հայտարարությունից հետո պետք է կոնկրետ գործողություն լինի: Եթե միջազգային հանրությունը թքած ունի, մենք ենք մեր առաջնագիծը պահողը, մենք պետք է հարցերը լուծենք»,- ասաց նա`հավելելով, որ պարտադիր չէ առաջնագծում գործողություններ անել, տեխնիկական մեխանիզմները բավական զարգացած են:

Լրագրողներից մեկը նկատեց, եթե միջազգային հանրությանն առջեւ կոշտ պահանջ դնե՞նք: «Պահանջեք: Ումի՞ց եք պահանջելու: ԱՄՆ-ի՞ց: Թրամփն ասելու է, վա~յ, մի րոպե, Հայաստանը պահանջել է: Կամ ՌԴ-ի՞ց ենք պահանջելու, որը Ադրբեջանին զենք է վաճառում: Իսկ արդյունքը ո՞րն է լինելու: Կատարում են նրա պահանջը, ում ասածին հավատում են: ԱՄՆ-ին հավատում են`ասեց, անմիջապես կանի, ՌԴ-ին մի քիչ կիսատ-պռատ են հավատում, բայց ի վերջո հավատում են»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ ցանկացած համանախագահ իր երկրի շահն է առաջնային տանում: Նաեւ նկատում է` 2016-ի ապրիլից հետո մի քիչ հավատում էին, որ Ադրբեջանը մի հատ էլ ասի` կխփեմ, կխփի: Բայց, կարծում է, որ հայկական կողմը դա էլ ջարդեց`ասելով` թող մի հատ էլ փորձեն… «Քեզ կհավատան, երբ քո խոսքը լուրջ լինի»,- համոզված է Թեւան Պողոսյանը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահների Հայաստան կատարած այցին: Ասաց. «Դա ծրագրավորված հերթական այց էր. եկել են, ծանոթանում են եւ ականատես եղան մի քանի սյուրպրիզների, որոնք գուցե չէին կանխատեսում`Ալիեւի ելույթը, ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհ հայկական կողմում: Էնտեղ ի՞նչ են ասել, վստահ եմ Հայաստանում էլ գուցե մատ է թափ տրվել, հայտարարություն կանեն` կանցնի կգնա»: Վստահ է, որ որեւէ պարտավորություն կյանքի չի կոչվելու, մանավանդ իշխանական ձեւափոխումների այս փուլում, համանախագահները պարտադրել չեն կարող:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728