Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Աբովյան. «Որքանով մենք պատրաստ կլինենք պատերազմի, այդքանով պատերազմը կհետաձգվի»

Փետրվար 10,2018 14:20

Ադրբեջանում նախագահի ընտրության տեղափոխումը, քաղաքագետ Արման Աբովյանը համարում է ադրբեջանական քաղաքական վերնախավում առաջացած ներքին խառնաշփոթի արդյունք: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետը պատկերավոր նկատեց` «փողը պրծավ ներքին ուժային կենտրոնները իրար հետ կոնֆլիկտի մեջ են`բաց եւ թաքնված»: Ինքն ասում է`ինչքան տնտեսական վիճակն Ադրբեջանում վատանա, այնքան հակահայկական, ազգայնական հայտարարությունները ակտիվանալու են: Նկատի ունի «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահի հնչեցրած կոչերը:

Հիշեցնենք` Ալիեւը հայտարարել էր, որ իրենց նպատակը Զանգեզուրն ու Երեւանը վերադարձնելն է: «Այդ մարդը հայ ազգի ոչնչացման գաղափարն է առաջ տանում»,- ասում է բանախոսը` հավելելով, որ քոչվոր ազգին բնորոշ է նման հավակնությունը: Նկատում է, որ սա ոչ թե մարգինալ անհատների կողմից հայտարարված քաղաքականություն է, այլ պետական քաղաքականություն:

Իսկ որ մինչեւ աշուն Ադրբեջանում տնտեսական վիճակն ավելի է վատանալու, կասկած չունի: Ասում է` այդ պատճառով Ալիեւը որոշեց ռիսկի չգնալ:

Դատելով այս ամենից` Արման Աբովյանն ասում է`Ադրբեջանը որեւէ կերպ պատրաստ չէ հարցի լուծման. «Հարեւան պետության հիմնական նպատակը տարաձայնությունների կամ կոնֆլիկտի լուծումը չէ: Իրենք ունեն հստակ ծրագիր`հայկական գործոնի իսպառ վերացում: Համոզված եմ, որ դրան հումորով պետք չէ վերաբերվել: Պետք է շատ լուրջ վերաբերվել եւ անել հետեւություններ: Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն այդ հետեւությունները արել են, անում են եւ կանեն»: Իշխանության կողմից հետեւության ապացույցը համարում է պաշտոնական Երեւանի արձագանքները:

Բացի այդ, ասում է՝ բոլոր միջազգային հարթակներում պարտավոր ենք բարձրացնել հարցը` ասել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք տարածքային վեճ չունենք, գոյատեւման խնդիր է, 21-րդ դարն է, բայց ակնհայտ ֆաշիստական հայտարարություններ են հնչում: Նա վստահ է, որ Հայաստանում հասկանում են, որ հնարավոր չէ Ադրբեջանի հետ երկխոսությամբ ելքերի գալ, կարծում է, որ հայկական կողմը փորձում է հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական հարթակներում: Բայց ի՞նչ անել: Այլընտրանքը պատերազմն է. «Եթե չենք ուզում իսպառ վերանալ, պետք է կռվենք»: Միաժամանակ նորմալ է համարում, որ հայկական կողմը չի գնում ռազմատենչության: Ասում է`միջազգային հարթակներում ավելի ակտիվ պետք է շարունակենք աշխատել: «Լուծման միակ տարբերակն այս է`պետք է ամեն վայրկյան պատերազմին պատրաստ լինենք: Անընդհատ պետք է պատրաստ լինենք, որ հնարավոր է տասը րոպե հետո պատերազմ սկսի. պատերազմ ոչ թե տարածքների, այլ գոյության: Այլ տարբերակ մենք չունենք: Փառք Աստծո, մենք դա հասկանում ենք: Որքանով մենք պատրաստ կլինենք պատերազմի, այդքանով պատերազմը կհետաձգվի»,- ասաց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728