«Հայաստանում մեծ թվով ավտոմեքենաներ աջ ղեկով են: Եթե իսկապես ուզում ենք աջ ղեկով մեքենաների խնդիրը վերացնել, դրանք ներկրելու արգելքը չպետք է միանգամից դնել: Պետք է հստակ վիճակագրություն անել եւ հասկանալ՝ որքանո՞վ են վնասակար աջ ղեկով ավտոմեքենաները»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին, ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը:
Նրա համոզմամբ՝ նշյալ արգելքով որոշ անձինք անձնական շահեր են հետապնդում. «Այժմ ներկրողները ստիպված են միայն ձախ ղեկով մեքենաներ ներկրել, որոնք ավելի թանկ են: Ճապոնիայից ներկրվող աջ ղեկով ավտոմեքենաներն ավելի քիչ են օգտագործված: Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, նոր միայն պահանջել, որ քաղաքացիներն աջ ղեկով մեքենաներ չներկրեն»:
Անդրադառնալով այն փաստին, որ մեծաթիվ աջ ղեկով ավտոմեքենաներ ձեռք են բերվել մինչեւ արգելքի ընդունումը, սակայն չեն կարող հասնել սեփականատերերին, փաստաբանն ընդգծեց. «Այդ մեքենաները պետք է թույլատրել ներկրել: Գնորդները կարող են վիճարկել եւ Ֆինանսների նախարարությունից վնասի փոխհատուցում պահանջել»:
Գեւորգ Դավթյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումն արդեն արգելվել է, գործընթացը տեւել է մոտ մեկ տարի, իսկ մեզանում մի քանի ամսում կատարվեց. «Քաղաքացիների մեծամասնությունը մամուլից է իմացել, որ ներկրելու արգելք կա. խոշոր ներմուծողները փաստի առաջ են կանգնած»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ