«Նպատակը պետք է լինի ոչ թե վարորդին տուգանելը, այլ վերադաստիարակելը: Մինչդեռ շարժական արագաչափ-սարքը չունի նախազգուշացման նշան, գաղտնի է նկարում, այսինքն՝ նպատակը միայն փող աշխատելն է, ինչը հակասում է օրենսդրությանը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության կողմից շարժական արագաչափ գործարկելուն, ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը:
Թե Ճանապարհային ոստիկանության այդ քայլն ինչո՞վ է հակասում օրենսդրությանը, նա նշեց. «Տույժի նպատակը անձի վերադաստիարակումն է: Ինչո՞ւ պետք է շարժական սարքով անմիջապես վարչական վարույթ իրականացվի, որն անձն իրավունք չունի բողոքարկել ու ասել, թե ինչու է արագություն գերազանցել: Գուցե գերազանցումն անհրաժեշտություն է եղել՝ շտապօգնության մեքենայի հետեւից է գնացել կամ մարդ է տեղափոխել: Այդ անհրաժեշտ սկզբունքները խախտվում են, եթե շարժական սարքով անձը գաղտնի է նկարվում: Շարժական սարք տեղադրելու դեպքում պետք էր համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել»:
Փաստաբանի խոսքով՝ քաղաքացիները պետք է իմանան, թե որտեղ կա շարժական արագաչափ, որպեսզի խուսափեն խախտում անելուց. «Այլապես, դա խտրական վերաբերմունք է: Ստացվում է, որ երթեւեկությունը հսկող պետավտոտեսուչների մեքենաները դառնում են անիմաստ: Բացի այդ, ինչպե՞ս ապահովագրվենք, որ շարժական սարքով խախտումը կոռուպցիայի միջոցով չի արձանագրվի: Պետավտոտեսուչներին ամրակցված սարքերն ինչի՞ համար են այդ դեպքում: Այլ է հարցը, որ այդ դեպքում էլ քաղաքացիներին պետք է տեղեկացնել, որ նրան նկարում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ