Հանդիպմանը չշրջանցվեց նաեւ Մարտի 1-ի թեման։ Բայց դատախազն այն պրոֆեսիոնալ կերպով «ջրեց»՝ չհստակեցնելով՝ տասը տարի անց «սայլը տեղից շարժվե՞լ է», թե՞ ոչ։ «Այո, այս քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, որովհետեւ մեր երկրի համար սա բացառիկ նշանակություն ունի։ Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, կարճում գնալու որեւէ միտում չունի այս պահի դրությամբ, եւ իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Երբ որ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, օրինակ՝ ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր ունենք, որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք, բավարար ապացույցների համակցությամբ, բնականաբար, դա կիրացվի։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։
Որոշակի արդյունքների, ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»,- ասաց Դավթյանը՝ հիշեցնելով Մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին։ Փաստորեն, 10 տարի է՝ «բազմածավալ քննչական գործողությունները» որեւէ արդյունք չեն տալիս։ Այսինքն՝ կա՛մ քննչական մարմիններն ու դատախազությունը պրոֆեսիոնալ չեն, կա՛մ քաղաքական կամքն է բացակայում։
Հ.Գ․ Ի դեպ, Արթուր Դավթյանը, ներկայացնելով հանցագործությունների դինամիկան, մի ուշագրավ միտք հայտնեց․ «Տարիներ շարունակ, գաղտնիք չէ, որ հանցագործությունների հաշվառման համար պատասխանատու պետական մարմիններում գործելաոճ է եղել երբեմն թաքցնել հանցագործություններն առանձին, դրանք չհաշվառել։ Սրանց պատշաճ արձագանքն ապահովվել է։ ՀՔԾ վարույթում քննված բազմաթիվ քրեական գործերով քրեական հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հանցագործություններ թաքցնելու գործողություններ են իրականացրել»։ Իր խոսքում փաստացի մեղադրելով ոստիկանությանը՝ հանցագործություններ թաքցնելու մեջ, Դավթյանը նաեւ դրվատեց իրենց աշխատանքը․ «Այս առումով 2017 թ․ ընթացքում դատախազական հսկողության տվյալները, մասնավորապես, մենք հսկողություն ենք իրականացնում ամենօրյա, իսկ պարտադիր՝ ամենամսյա հանցագործությունների հաշվառման գործընթացի նկատմամբ, եւ մեզ համար արդեն պատկերը պարզ է, ՀՀ ոստիկանության ղեկավարությունը եւս հետեւողականություն է ապահովել, եւ այս առումով մենք ունենք հանցագործությունների հաշվառման էական բարելավում»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում