«Ամերիկայի ձայն». Հայկական արվեստին տարբեր առիթներով հոտնկայս ծափահարել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական վերնախավը: Սակայն Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, որոշ անձինք հայկական մշակույթի պատրվակով օգնում են հայաստանցիներին կեղծ ճանապարհով ԱՄՆ-ի վիզաներ ստանալ:
Իրավապահների հաղորդմամբ, Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, ում դատական թղթերում նաեւ «Դինա Ակոպովնա» են անվանում, այժմ Հայաստանում է:
Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:
Իրականում, երաժշտական եւ պարային խմբերի փոխարեն Հայաստանից Միացյալ Նահանգներ էին ժամանում դրանց հետ որեւէ կապ չունեցող անձինք՝ ներկայանալով որպես երաժիշտներ եւ պարողներ: Յուրաքանչյուր անձից իրենց ապօրինի ծառայության համար մեղադրյալները ստանում էին 3,000-15,000 դոլար, հաղորդում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:
Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայությանը խաբելու նպատակով Հայաստանում կեղծ պարային համույթների անդամներին լուսանկարում էին ավանդական հայկական պարային զգեստներով, իսկ ԱՄՆ-ում կեղծ համերգներ կազմակերպում, պատրաստելով կեղծ ցուցանակներ եւ կեղծ թռուցիկներ:
Դրանից բացի, արդեն Միացյալ Նահանգներ իրենց օգնությամբ ապօրինի ժամանած քաղաքացիներին հավելյալ գումարով մեղադրյալներն օգնում էին երկարաձգել վիզաները՝ հայկական մշակույթի տարածման պատրվակով: Հատկանշական է, որ իրենց ապօրինի գործունեությունը եւ յուրաքանչյուր անձից ստացվող գումարի չափը մեղադրյալները քննարկել են նաեւ Ֆեյսբուկ սոցցանցի միջոցով:
Թեեւ Big Apple Music Awards Foundation ընկերության կայքում նշված հեռախոսահամարն անջատված էր, «Ամերիկայի Ձայն»-ին հաջողվել էր հեռախոսով կապվել մեղադրյալներից մեկի՝ Ստելա Բոյաջյանի հետ, ով հայտնեց, որ հերքում է բոլոր մեղադրանքները եւ խոստացավ իր դիրքորոշումն առավել մանրամասն հաղորդել պաշտպանի միջոցով, ով տեսանյութի եթեր դուրս գալու ժամին մեզ այդպես էլ կապ չէր հաստատել:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ