Այս տարվա ապրիլին պարզ կլինի, թե ով է լինելու երկրի վարչապետը, որը, ըստ Սահմանադրության, ավելի լայն ու որոշիչ լծակներ կունենա, քան նախագահը:
Ինչ սոցիալական երաշխիքներ են ունենալու խորհրդարանական կառավարման երկրի վարչապետն ու նախագահը: Վերջերս կառավարությունն այս երաշխիքների վերաբերյալ որոշում է ընդունել՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում:
Նախ՝ օրենքի վերնագիրը փոփոխվել է, այն, ըստ նախագծի, շարադրվել է հետեւյալ կերպ. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»:
Այս նախագծով սահմանված են ՀՀ վարչապետի եւ նախագահի սպասարկման համար տրամադրվող գույքի տեսակները: Այս առումով էլ, բնականաբար, վարչապետն ավելի «հարուստ է»: Օրինակ՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Իսկ նախագահին ինքնաթիռ ու ուղղաթիռ չի «հասնում»: Նախագծում նշված էլ չէ, թե մեր երկրի նախագահն արտասահմանյան գործուղումների ինչպե՞ս է մեկնելու՝ շարքայի՞ն ավիաչվերթներով, բիզնե՞ս, թե՞ էկոնոմ դասի ավիատոմսերով: Նշված էլ չէ՝ արդյոք ՀՀ նախագահի գործուղումների համար մասնավոր ինքնաթիռ պետք է վարձեն պետակա՞ն միջոցներով:
Օրենքի հոդված 7.1-ով սահմանվում է, որ հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է հանրապետության նախագահի աշխատակազմը: Այս աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանելու է նախագահը: Սակայն նախագահի աշխատակազմը չի կարող ունենալ 180-ից ավելի աշխատակից:
Իսկ ահա վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը մի քանի անգամ գերազանցում է նախագահի աշխատակազմի թվին: Ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ 600 աշխատակից, բայց ոչ ավելի:
Նախագծի համաձայն՝ ՀՀ նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամ, պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է հանրապետության նախագահը: Իսկ վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն դրամ, եւ այս ֆոնդի միջոցները, բնականաբար, տնօրինում է վարչապետը:
Ազգային ժողովի նախագահն էլ կարող է ունենալ պահուստային ֆոնդ, բայց այն չի կարող գերազանցել տարեկան 50 միլիոն դրամը, ԱԺ նախագահի այս ֆոդնն էլ, իհարկե, տնօրինելու է Ազգային ժողովի նախագահը:
Հայաստանի Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով նաեւ տրամադրվելու են նստավայր Երեւանում՝ Մաշտոցի 47 հասցեում. սա կառավարության ընդունելությունների տունն է: Նախագահին տրամադրվելու է ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ: Առանձնատան հասցեն է Ձորափի 74, 4-րդ մասնաշենք: Նախագահին ինքնաթիռից զրկում են, բայց հանգիստն անցկացնելու պետության կողմից տրամադրվող շենք-շինությունից չեն զրկում: Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ նախագահին կտրամադրվի պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ: Նրա ամառանոցի հասցեն է՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք:
ՀՀ վարչապետի՝ Երեւանի ծառայողական առանձնատունը Ձորափի 74, 3-րդ մասնաշենքում է, Սեւանում պետական ամառանոցն է՝ Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք:
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Օրենքի նախագծով սահմանված է, որ Ազգային ժողովի նախագահին եւ Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ: Իսկ վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էլ կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ: Օրենքը հնարավորություն է տալիս այս պաշտոնյաներին նշված ճոխությունից՝ ծառայողական առանձնատնից հրաժարվել:
Պետությունը, ըստ այս օրենքի նախագծի, պարտավորվում է «տիրություն» անել նախագահին նաեւ պաշտոնաթողությունից հետո: Օրինակ՝ երկրի պաշտոնաթող նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 10 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Բացի այս, պաշտոնաթող նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ կահավորված գրասենյակ, եթե ցանկանա: Այդ գրասենյակի գործունեության ֆինանսավորումն էլ պետական միջոցներով է լինելու, իսկ գրասենյակում, կրկին պետության հաշվին, աշխատողների 3 հաստիք է տրամադրվելու: Պաշտոնաթող վարչապետի մասին նախագծում որեւէ տող կամ բառ չկա գրված:
Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70%-ի չափով: Այս հատուկ կենսաթոշակից պաշտոնաթող նախագահը կարող է զրկվել այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 %-ի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի բացասական տարբերությունը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
10.02.2018