Սկիզբը՝ այստեղ
Ղարաբաղյան գործոնը խիստ անտրամաբանական է թվում
Թե ինչու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 17-ից ապրիլի 11-ը տեղափոխեց նախագահական ընտրությունները՝ պաշտոնական Բաքուն արդեն իսկ մի քանի «ուշագրավ» բացատրություններ է արել:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի խոսքով՝ Իլհամ Ալիեւը որոշել է հոկտեմբերի 17-ին նշանակված նախագահական ընտրությունները կես տարի շուտ անցկացնել՝ հաշվի առնելով մի շարք ներքին եւ արտաքին հանգամանքներ: «2018-ին Ադրբեջանում նախատեսված են տասնյակ միջազգային եւ տեղական նշանակության միջոցառումներ՝ «ֆորմուլա 1» մրցաշարից մինչեւ ադրբեջանական պետության, բանակի, դրոշի հարյուրամյակին նվիրված տոնակատարություններ: Ընտրությունները մինչ այդ կարեւոր միջոցառումների մեկնարկն ավարտին հասցնելն ավելի նպատակահարմար է»,- «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Մամեդովը հավելել է, թե Ալիեւը շտապում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ մտավախություն կա, որ «Հարավային Կովկասի եւ հարեւան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կարող են սրվել ու ազդել նաեւ Ադրբեջանի վրա»: «Իսկ դա պահանջում է պատրաստվածության եւ ճկունության դրսեւորման մակարդակի բարձրացում»,- նշել է նա:
Պաշտոնական Բաքուն համոզված է, որ Ադրբեջանի քաղաքական միջավայրում չկա այն երկրորդ քաղաքական, պետական գործիչը, ով կարող է համեմատվել ու մրցել գործող նախագահի հետ: Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը, ինչպես հայտնի է, որոշել են բոյկոտել ապրիլին նշանակված նախագահական ընտրությունները՝ Ալիեւի որոշումը գնահատելով որպես «ընտրական ինստիտուտի ծաղր», եւ ո՞ւմ հետ է արտահերթ ընտրություններին մրցելու հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիեւը՝ պարզ չէ:
Թե ինչ նկատի ունի պաշտոնական Բաքուն, երբ ընտրությունները շուտ անցկացնելու որոշումն արդարացնելիս նշում է՝ «Հարավային Կովկասի եւ հարեւան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կարող են սրվել ու ազդել նաեւ Ադրբեջանի վրա», եւ այդ «բացասական ազդեցությունն» ինչպես են վերացնելու՝ նույնպես անհայտ է:
Շատերը Ալիեւի որոշումը կապեցին Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ: Ստացվում է այնպես, որ Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրական պրոցեսներն իրար հաջորդելու են, եւ կարծիք կա, որ ղարաբաղյան բանակցություններում Ալիեւը չէր ցանկանա մի քանի ամիս «թեկնածուի» կարգավիճակում լինել, ենթադրաբար, որպեսզի նրա նկատմամբ ճնշումներ չբանեցվեին:
Սակայն ճիշտ հակառակը. եթե Ալիեւը մտավախություն ունի, որ իր նկատմամբ ճնշումներ են բանեցվելու, ապա նրա համար ավելի նախընտրելի վիճակ կլիներ հենց «թեկնածուի» կարգավիճակը, որովհետեւ հենց այդ դեպքում նա կարող է ճնշումներ բանեցնողներին հակադարձել, թե՝ «ես թեկնածու եմ, դուք նման բան եք ասում, որ զիջե՞մ»: Այնպես որ, ղարաբաղյան նշյալ գործոն-հիմնավորումը խիստ անտրամաբանական է թվում:
«Նա հասկանում է, որ տնտեսությունում իրավիճակը դեռ բարենպաստ է»
Ռուսաստանյան մամուլն ակտիվորեն անդրադարձավ Ալիեւի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպմանը: Kommersant.ru-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեեւը գլխավոր ինտրիգը համարում է այն, որ ինչպես Բաքվում եւ Երեւանում՝ միաժամանակյա քաղաքական ակտիվությունը կարող է անդրադառնալ տարածաշրջանում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա:
Ադրբեջանի նախագահի հասարակաքաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն ընտրությունների օրվա տեղափոխումը բացատրել է այն հանգամանքով, որ մայիսից սկսած՝ երկրում անցկացվելու են տեղական եւ միջազգային մակարդակի բազմաթիվ կարեւոր միջոցառումներ, որոնց մի մասը համընկնում էին ընտրությունների ժամկետների հետ: Ռուսաստանյան պարբերականի հետ զրույցում ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն գարնանն ընտրությունների անցկացումը նույնպես բացատրել է ներքին գործոններով՝ նշելով, որ ամռանը նախընտրական արշավի անցկացման դեպքում գյուղատնտեսությունը տուժում է, քանի որ մարդիկ ակտիվ մասնակցում են հանրահավաքների, եւ բացի այդ, նախընտրական արշավի համար, պատգամավորի կարծիքով, շատ ժամանակ հարկավոր չէ, քանի որ ընտրողները լավ ճանաչում են բոլոր թեկնածուներին:
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին իր հերթին հայտարարել է, որ ընտրությունների տեղափոխումը եվրոպացի դիտորդների քննադատությունից խուսափելու փորձ է, եւ նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակը, հավանաբար, չի հասցնի Ադրբեջան ուղարկել երկարաժամկետ, ինչպես նաեւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն: Ջաֆարլիի կարծիքով՝ եվրոպական ինստիտուտների ուշադրությունն ապրիլին սեւեռված է լինելու Ռուսաստանի ուղղությամբ, բացի այդ, կարող է լինել նաեւ տնտեսական գործոն՝ երկու տարվա լճացումից հետո Ադրբեջանի տնտեսությունն ակտիվացել է, սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ վիճակը կպահպանվե՞ր մինչեւ հոկտեմբեր: Լրատվամիջոցը հավելել էր, որ Բաքվում իր զրուցակիցներն, այնուամենայնիվ, միաձայն պնդել են, որ ընտրությունների տեղափոխումը ոչ մի կապ չունի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Ռուսաստանյան մեկ այլ պարբերական՝ Gazeta.ru-ն էլ փորձում է գտնել պատասխան, թե ինչու Ալիեւը որոշեց «մոտեցնել» ընտրական ժամկետը: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի արդարացումներին, թե հոկտեմբերից ապրիլ քվեարկությունը տեղափոխելու որոշումը կայացվել է 2018թ. երկրորդ կեսին պլանավորվող խոշոր միջոցառումների հետ ընտրությունների համընկնումից խուսափելու նպատակով, կայքը նկատում է, որ ընդունված է համարել, որ ցանկացած երկրում ընտրությունների տեղափոխումն ավելի վաղ ժամկետի առավելություն է տալիս գործող իշխանության թեկնածուին, եւ հավելում է, որ արդեն հիմա է հայտնի, որ Ադրբեջանում այդ թեկնածուն լինելու է գործող նախագահը: Gazeta.ru-ի հետ զրույցում փորձագետները կարծիք են հայտնել, որ երկրում տնտեսական վիճակը ձեռնտու է Ալիեւին: «Որպես բավականին լավ միջազգային կրթություն ստացած մարդ՝ նա հասկանում է, որ տնտեսությունում իրավիճակը դեռ բարենպաստ է»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Փորձագետի խոսքով՝ Ալիեւը ձգտում է օգտվել նավթի առավել բարձր գներից:
Վաշինգտոնի Gulf State Analytics-ի առաջատար վերլուծաբան Թեոդոր Կարասիկն իր հերթին նշել է, որ ընտրությունների տեղափոխումը թույլ է տալիս Ալիեւին հասնել միաժամանակ մի քանի նպատակի. «Առաջին հերթին՝ նա կկարողանա ամրապնդել իր նոր մանդատն ավելի շուտ՝ Ռուսաստանում նախագահական ընտրություններից մեկ ամիս անց: Երկրորդ հերթին՝ Ալիեւը ձգտում է հնարավորինս շուտ սկսել նոր ժամկետը, որովհետեւ Ադրբեջանը պետք է արագացնի տնտեսական գործընթացները: Գլխավորը պրակտիկ նկատառումներն են»:
Ադրբեջանը՝ ավտորիտար երկրների շարքում
Անցած մի քանի օրերին, դեռ մինչեւ Ալիեւի որոշումը, հրապարակվեցին զեկույցներ, որոնցում Ադրբեջանի վերաբերյալ գնահատականներ ներկայացվեցին: Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակեց 2017 թվականի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին եւ ԶԼՄ-ների ազատությանը:
Ադրբեջանն այս ինդեքսում ժողովրդավարության տեսանկյունից զբաղեցրել է 148-րդ տեղը եւ դասվել ավտորիտար երկրների շարքին, իսկ ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից 154-րդ տեղը` դասվելով անազատ երկրների շարքին:
Հայտնի է նաեւ, որ հունվարի վերջին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե է ուղարկվել «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի», «Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (International Partnership For Human Rights ) եւ «Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (World Organisation against Torture)» համատեղ զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների վիճակին:
Զեկույցում նշվել են Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվն ու նրանցից շատերի անունները, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, Նարդարանում, Գոբուստանի բանտում խոշտանգումների եւ սպանությունների փաստերի, այլ բանտերում բանտարկյալների մահվան դեպքերի մասին: Զեկույցում անդրադարձ է կատարված նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով գրանցված կորուստներին, ինչպես նաեւ Հայաստանի համար «լրտեսություն կատարելու» մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացիների հարցին եւ պահանջ է ներկայացված մանրամասն քննելու բոլոր հանցագործությունները: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե ուղարկված զեկույցում նշվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող խոշտանգումների, քաղաքացիներին պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաեւ այն փաստաբանների մասին, ովքեր քաջություն են ցուցաբերում այդ երկրում զբաղվելու քաղբանտարկյալների հարցերով:
Սկիզբը՝ այստեղ
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 09.02.2018