Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի պետական քոլեջը ՌԴ-ում գտնվող ապագա բուժքրոջը միայն գերազանց էր գնահատել

Փետրվար 10,2018 14:00

Քոլեջի տնօրեն Վարդան Գեւորգյանը դատապարտվել է 250.000 ՀՀ դրամի չափով տուգանքի եւ դատավճռով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարով:

Նրա նկատմամբ ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:
Հինգ հատորանոց գործի տվյալների համաձայն, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի կողմից 2016թ. մարտին հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով 2013թ. սեպտեմբերի 2-ից մինչեւ 2016թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սեպտեմբերի 1-ին պաշտոնական փաստաթղթերում Վարյա Բեգլարյանի անվամբ կազմել էին ուսումնառության կեղծ պայմանագիր, ուսումնական պարապմունքների մատյաններում եւ քննական տեղեկագրերում կեղծ թվանշաններ եւ գրառումներ էին կատարել, երբ Բեգլարյանը գտնվում էր արտերկրում:

Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս. Սաղաթելյանը 2016թ. նոյեմբերի 30-ին որոշել է այդ քրեական գործով Վարդան Գեւորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ քրեական գործով վարույթը կարճել` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսական անձնակազմի կողմից ձեւականորեն թվանշաններ դնելու փաստով քրեական հետապնդում չիրականացնել` արարքը հանցագործություն չհամարվելու պատճառով: Ուսումնառության պայմանագրում եւ քոլեջից հեռացվելու դիմումում Վարյա Բեգլարյանի ստորագրությունները կեղծելու փաստով քրեական հետապնդում չիրականացնել` արարքը հանցագործություն չհամարվելու պատճառով:

Սակայն Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ. Բաղդասարյանը որոշել էր վերացնել ՀԿԳ քննիչ Ս. Սաղաթելյանի որոշումը:

Վարդան Գեւորգյանը ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2010թ. աշխատելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, մինչ 2013թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ-ից բացակայող քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի՝ ՌԴ-ից վերադառնալը, պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ: Ըստ գործի նյութերի, այն է՝ իր ստորագրությամբ եւ Դիլիջանի պետական քոլեջի կնիքով հաստատվել է 2014թ. հունվարի 16-ի քույրական գործը մանկաբարձություն-գինեկոլոգիայում առարկայի, 2014թ. ապրիլի 4-ի «անատոմիա-ֆիզոլոգիա» առարկայի, 2014թ. ապրիլի 7-ի «դեղաբանություն» առարկայի քննությունների վերաբերյալ դասախոսների կողմից կազմված եւ փոխտնօրենի կողմից հաստատված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող միջանկյալ ատեստավորման քննական տեղեկագրերը եւ 2014թ.-ին «Ընդհանուր քույրական գործ» առարկայի փոխադրական պետական քննության վերաբերյալ ուսուցչի կողմից կազմված եւ փոխտնօրենի կողմից հաստատված քննական տեղեկագիրը: Տեղեկագրում առկա էր 2013թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ-ից բացակայող Բեգլարյանի տվյալները եւ նրա անվան դիմաց նշված է եղել դրական գնահատականներ:

Գործի քննությունն ընթացել է արագացված ընթացակարգով:

Ամբաստանյալ տնօրենը հայտնել է, թե համաձայն է մեղադրանքի հետ: Սակայն դատավճռից հետո ոչ միայն համաձայն չի եղել, այլ դիմել է վերաքննիչ քրեական դատարան:

Փետրվարի 19-ին բողոքի անդրանիկ քննությունն է նշանակվել: Բողոքաբերը խնդրում է բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 250.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու եւ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարով իրեն զրկելու վերաբերյալ կայացված դատավճիռը` «պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 1 տարի ժամկետով» մասով եւ պատժի այդ մասով իրեն ճանաչել անպարտ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728