Փաստաբանի նկատմամբ 100.000 դրամ տուգանք
սահմանող նախագիծը հակասում է օրինական ուժի մեջ մտած
դատական ակտերի տրամաբանությանը:
ՀՀ-ում գործող երիտասարդ, սակայն բավականին բարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկի՝ Հայարփի Զարգարյանի կողմից քաղաքացիական գործերից մեկով սեփական նախաձեռնությամբ 02.08.2016թ. կայացվել է ինքնաբացարկ հայտնելու մասին շատ հիմնավոր եւ հետաքրքիր որոշում:
Այսպես՝ տվյալ գործով պատասխանող է հանդես գալիս փորձաքննություններ կատարող մի ընկերություն: Ժամանակին, մեկ այլ գործով մեր դատավորը տվյալ կազմակերպության տնօրենից ստացել էր ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ պարունակող գրություն, ինչը որակել էր որպես իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Արդյունքում, այս մյուս գործով դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ նշելով, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցվել տվյալ գործով իր անկողմնակալության վերաբերյալ, քանի որ, փաստորեն, կողմերից մեկը հանդիսանում է իր նկատմամբ ժամանակին անհարգալից վերաբերմունք դրսեւորած անձ: Ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Նախագծի համաձայն՝ դատավորն իրավունք ունի մինչեւ 100.000 ՀՀ դրամ տուգանել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած փաստաբանին:
Որ օրենսգրքում էլ կարգավորումը ներառված լինի, միեւնուն է, դատավորի կողմից փաստաբանին տուգանելու երեւույթն իրենից նույնպես ներկայացնում է «արդարադատություն»:
Հարց է առաջանում, եթե վիրավորված դատավորը կարծում է, որ անկողմնակալ եւ անաչառ չի կարող քննել գործը, քանի որ ամիսներ առաջ կողմերից մեկը, թեկուզեւ այլ գործով, իրեն վիրավորել է, ինչքանով անկոմնակալ եւ անաչառ կլինի դատավորի կողմից 10 րոպե առաջ իրեն «վիրավորած» փաստաբանին, այն էլ իրեն վիրավորելու կապակցությամբ դատելը:
ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
փաստաբան
«Առավոտ»
09.02.2018