Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն առանձին կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ

Փետրվար 09,2018 21:30

«Ես առանձին կհանդիպեմ Արմեն Սարգսյանի հետ եւ կհանդիպեմ իմ թիմակիցների հետ: Բոլոր թիմակիցներիս կլսեմ` իրենց մոտեցումները, տեսակետները: Մեր որոշումը կասենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը շրջանցել է հարցը`«Ծառուկյան» խմբակցությունը կապահովի՞ Արմեն Սարգսյանի թեկնածությունը հաստատելու համար անհրաժեշտ 14 ձայնը: Կոալիցիոն ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին հենց այդքան ձայն է անհրաժեշտ լինելու Արմեն Սարգսյանի թեկնածությունն անցկացնելու համար:

Լրագրողները կրկին հետաքրքրվել են`«Ծառուկյան» դաշինքում Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ են Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնում: Գագիկ Ծառուկյանը կրկնել է`այդ պաշտոնը խորհրդարանական ընտրություններով տրված է ՀՀԿ-ին`իբրեւ քաղաքական մեծամասնություն կազմող ուժ: Թե ինչպե՞ս կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը»`Գագիկ Ծառուկյանը հստակ չի պատասխանել. «Այ աղջիկ ջան, համբերի մի հատ…»:

Հարց է հնչել նաեւ նախընտրական շրջանում իր հայտարարած 15 միլիարդ դոլար ներդրումների մասին: Գագիկ Ծառուկյանը փակագծեր է բացել. արտասահմանից իր գործընկերները խոստացել են 50 միլիարդ դոլարի ներդրումներ բերել Հայաստան: Ինքն ասել է`«ես էդ թիվը չեմ հայտարարի»: Հայտարարել է 15 միլիարդի մասին`պայմանով, եթե ընտրողներն իրեն տան երկրի կառավարման ղեկը`«50+1» տոկոս քվեով: Բայց եղավ այն, ինչ եղավ: Իրենք ստացան «30+1» տոկոս քվե եւ չեն կարող երաշխավորել խոստացված ներդրումները:

Գագիկ Ծառուկյանն ասել է` մարդիկ երկիրը լքում են, որովհետեւ ապագայի հույս չունեն. «Մարդը իմ մոտ աշխատում ա, 2000 դոլար գումար ա ստանում, ասում եմ`ինչի՞ ես գնում, ասում ա`ապագայի հանդեպ վստահություն չունեմ»: Գագիկ Ծառուկյանը պնդել է`իրենց առաջարկած 15 կետերի իրագործման դեպքում հարցերը մեծամասամբ լուծում կստանան, մարդիկ ներդրումներ կանեն եւ չեն վախենա, որ իրենց գումարները կկորցնեն:

Լրագրողի հարցին ի պատասխան`իշխող ՀՀԿ-ն եւ Կարեն Կարապետյանի կառավարությունն այդ վստահությունը չե՞ն ձեւավորում, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տվել`զանգեք այլ երկրներ ու հարցրեք՝ վստահությունն ի՞նչ է: Մեկ անգամ ասել էր, հիմա էլ կրկնել է`Կարեն Կարապետյանն իր ընկերն է, կոռեկտ չի լինի ընկերոջ մասին կարծիք հայտնել, իսկ Հայաստանում զարգացում, վստահություն չեն լինի, քանի դեռ ներդրումներ չկան:

Գագիկ Ծառուկյանը բացատրել է նաեւ, թե ինչո՞ւ է «Ծառուկյան» դաշինքն առաջարկում վերանայել վարկանիշային ընտրակարգը: Ասել է`մարդիկ ընտրում են «քուչի տղուն», իսկ նրանք չեն կարող օրենքներ գրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728