Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է ՀՀ-ի հետ համագործակցության օրակարգն ընդլայնելու և տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ. Բրիջիթ Բրինք

Փետրվար 09,2018 20:12

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Վարչապետը ողջունել է տիկին Բրինքի այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու և զարգացման հեռանկարները նախանշելու առումով: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես-քննարկումը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի տեսլականը:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ:

Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու և տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ հարթակների՝ Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն և այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ գոհունակություն հայտնելով էներգետիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում ընթացիկ գործակցությունից:

Երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների, երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը զարգացնելու և սերտացնելու պատրաստակամությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728