ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը առաջարկների նախագիծ է ներկայացրել հրավառությունների պարագաների օգտագործմանն ուղղված օրենքի նախագծերի հետ կապված:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ այն պատրաստվում է այսօր ներկայացնել, քանի որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր առաջարկությունը մերժվել է: Լենա Նազարյանն այս առիթով պարզաբանեց. «Կառավարությունը՝ ի դեմս քաղաքապետարանի առաջարկներ է ներկայացրել համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու համար, որպեսզի հնարավոր լինի կարգավորել հրավառությունների իրականացման պարագաների օգտագործման դաշտը:
Նրանք առաջարկում են, որ հրավառություններն իրականացվեն համայնքի թույլտվությամբ, որի համար պետք է հիսունից երեք հարյուր հազար դրամի տուրք սահմանվի: Առանց թույլտվության կամ ժամկետների պայմանների խախտման դեպքում առաջարկվում է առաջին անգամ մեկ միլիոն, երկրորդ խախտման դեպքում երկու միլիոն դրամ տուգանք:
Ասում են, որ թույլ տալու են իրավաբանական անձանց և ԱՁ-ներին՝ դրանով նպատակ ունենալով, որ իրավաբանական անձինք՝ ռեստորանային համալիրները, տոնակատարություններ իրականացնող ընկերությունները, որ ունեն մասնավոր տարածք, միայն այդ հատվածում իրականացնեն հրավառություն: Խնդիրն այն է, որ մարդը կարող է, չէ, առանց համայնքից թույլտվություն ստանալու գնալ որևէ սրահ, գնել այդ հրավառության պարագան և ցանկացած ժամի իրականացնել հրավառություն: Ֆիզիկական անձը կարող է նույնիսկ այդ թույլտվությանը չդիմել, և ոչ մի ոստիկան չի կարող հասցնել գալ ու հրավառության պահին վերահսկողություն սահմանել»:
Լենա Նազարյանն առաջարկում է մեծ հրավառությունների պարագաների վաճառք թույլ չտալ ֆիզիկական անձանց:
Մեր մյուս հարցին՝ ի՞նչ ցույց տվեցին ԵԼՔ-ի նախաձեռնած՝ թանկացումների դեմ հավաքները, Լենա Նազարյանը պատասխանեց՝ իրեն թվում էր թանկացումները, որոնք անմիջապես մարդկանց կյանքի որակի վրա են ազդում, դուրս կբերեն նրանց փողոց, բայց այլ իրավիճակ բացահայտվեց: Այս առիթով ԵԼՔ խմբակցության պատգամավորը նշեց. «Ազատությունների սահմանափակումները, որ տեղի են ունենում՝ ներման մասին օրենքում փոփոխությունները, որ դատապարտյալներին ներում է շնորհելու վարչապետը և հրամանագիրը չի հրապարակայնացվելու, որ կառավարության նիստերը փակ են լինելու, արձանագրությունները վարչապետի թույլտվությամբ են հրապարակվելու, դեռ մի կողմ, բայց մենք կարծում էինք, որ թանկացումների խնդիրը, որն անմիջապես կյանքի որակին է առնչվում, մարդկանց դուրս կբերի փողոց: Բայց մարդիկ դժգոհությունն արտահայտում են արտագաղթով: Այն դարձել է ազգային բողոքի ձև. ոչ թե դուրս են գալիս փողոց, այլ արտագաղթում են»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ