«Իգլայի» գործով դատապարտված գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն այսօր վերաքննիչ բողոքի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ մեղադրող կողմը չի հիմնավորել առաջադրված մեղադրանքը:
«Սանասար Գաբրիելյանը գումար է ուզում Սամվել Բաբայանից Իգլայի համար, սակայն վերջինս ոչ մի գումար չի տալիս, Բաբայանի հետ հանդիպելուց հետո զանգում է ու ասում, որ զենքը պետք չի, սա ինչպես կմեկնաբանեք: Այսինքն, ոչ մի բան չի ապացուցվում: Մեղադրողը իր առարկություններով ընդամենը վերացական դատողություններ նշեց, որ մեղադրանքը հաստատված է, սակայն ոչ մի կոնկրետ փաստ չներկայացրեց, որը կապացուցեր առաջադրված մեղադրանքը»,- հայտարարեց Քալաշյանը:
Սամվել Բաբայանն էլ շարունակեց՝ ասելով, որ փողերի լվացման մեղադրանքն իրեն ընդհանրապես չի վերաբերում. «Ես կարող եմ ապացուցել… Էդ մարդու հետ, որ ես խոսել եմ, 170 հազարի գործ ենք արել, թղթի վրա երկուսիս ստորագրություններն էլ կան ու բանկում մուծումները կան, էդ չեկերն էլ Ձեզ մոտ են, գործի մեջ կարված է: Եթե մարդու խոսակցությունները քննիչը պետք է մեկնաբանի, ապա դա ես փաստ չեմ համարում, ես կոնկրետ գործողություններն եմ փաստ համարում: Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության եւ երկրորդ փող չեմ լվացել: Հարց եմ տալիս, ում հետ ինչ եմ խոսել, կարողա քֆուր եմ տվել, ի՞նչ կապ ունի այս մեղադրանքի հետ»:
Սամվել Բաբայանը հարցադրում առաջ քաշեց, թե այդ ինչպես եղավ, որ իր գործողություններից 8 ամիս գործ չի հարուցվել, հետո միանգամից մտածել են, որ փողերի լվացում է կատարվել. «Միակողմանի ձեր ուզած ենթադրություններ եք անում, եւ ասում եմ, որ մեղադրանքն ապօրինի է եւ իրականության հետ կապ չունի: Եթե էդ տրամաբանությամբ եք առաջնորդվում,ապա բոլոր չենջերի տերերին պետք է ձերբակալեք, սակայն այստեղ հանցանք կամ հանցագործություն չկա»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցի 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ