ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել «Medialab.am» լրատվական կայքի գլխավոր խմբագրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և կայքի գլխավոր խմբագրին անհատական նամակագրությամբ սպանության սպառնալիքներ է տվել՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:
Նախապատրաստված նյութերով՝ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը փետրվարի 9-ին վարույթ է ընդունել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, ամբողջական և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե