Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Էրդողանն ու Ալիեւը գան Երեւան հարցազրույց տան, բայց ոչ Աթեշյանը». Գուրգեն Եղիազարյան

Փետրվար 09,2018 18:22

«Ըստ երեւույթին, այդ հայտարարությամբ չեղյալ համարեցին նախկինում կայացած ընտրությունները՝ գտնելով, որ տեղապահի նոր ընտրություն է լինելու, որին կհաջորդեն պատրիարքի ընտրությունները»,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին պատգամավոր, «Հայ պատգամավորների միջազգային ասոցիացիայի» անդամ  Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը հայտարարեց՝ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պոլսի պատրիարքական փոխանորդ, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի կարգավիճակը չի ճանաչվում:

Արագած Ախոյանն ընդգծեց.  «Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանն օրինական կերպով էր ընտրվել, մինչդեռ Աթեշյանն անգամ փակել էր պատրիարքարանի դռները, որ Բեկչյանը չմտնի պատրիարքարան»: Ըստ Արագած Ախոյանի՝ Թուրքիայի հայ համայնքում ճգնաժամային իրավիճակ է, ինչի մասին միայն տեղի հայերը գիտեն. «Համայնքը խոսում է Աթեշյանի ունեցվածքի մասին: Նա ասում է , թե գումար չունի Ախթամարի եկեղեցում քահանա գործուղելու համար, բայց  5000 դոլարով բնակարան է առնում ծովափնյա վայրում: Նրա ունեցվածքի մասին լեգենդներ են պտտվում»,-ասաց Ախոյանը:

«Հայ պատգամավորների միջազգային ասոցիացիայի»  անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նկատեց՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բացահայտեց իր կապերը Թուրքիայի ՆԳ նախարարության հետ, մինչդեռ բարձրաստիճան հոգեւորականին հարիր չէ, օրինակ, Թուրքիայի զորքերի՝ սիրիական Աֆրին ներխուժելու քայլը ողջունելը. «Նա չպետք է մյուս անգամ համարձակվի Երեւան գալ եւ հարցազրույց տալ: Կարծում եմ՝ պետք է գնանք այս հարցը Վեհափառի մոտ բարձրացնենք: Թող Էրդողանն ու Ալիեւը գան Երեւան հարցազրույց տան, բայց ոչ Աթեշյանը»:

Հայ պատգամավորների միջազգային ասոցիացիայի անդամները համոզմունք հայտնեցին, որ պատրիարքարանում ստեղծված իրավիճակին պետք է միջամտեն եւ աջակցեն Թուրքիայի մեջլիսի երեք հայ պատգամավորները՝ Կարո Փայլան, Սելին Դողան, Մարգար Եսայան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728