2017թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից https://www.e-draft.am կայքում շրջանառության մեջ դրվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում էր 2018թ․ ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը արգելել Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև նույն նախագծով արգելք էր դրված արդեն ՀՀ տարածքում շահագործվող մեքենաների վերահաշվառման վրա։
Նախագծի https://www.e-draft.am կայքում տեղադրվելուց հետո, մի խումբ երիտասարդների կողմից ստեղծվեց քաղաքացիական նախաձեռնություն, որի շրջանակներում մի քանի անգամ անցկացվեցին ավտոերթեր, հավաքներ, քննարկումներ, ասուլիսներ։ Ամենի արդյունքում կազմվեց առաջարկությունների փաթեթ, որը 2017թ. դեկտեմբերի 22-ին ներկայացվեց և քննարկվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։ 2018թ. հունվարի 8-ին նախագծից հանվեց վերահաշվառման արգելքը, որն, ըստ էության, հակասահմանադրական կետ էր և այսպես թե այնպես պետք է հանվեր նախագծից, սակայն մնացած կետերը մնացին անփոփոխ։
Հունվարի 8-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի կողմից առաջարկվեց մեր կողմից պատրաստված առաջարկությունները քննարկել և բանակցել նախարարությունում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ 2018թ. հունվարի 11-ին առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Կառավարություն, սակայն այդ օրը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից նախագիծը հապշտապ մտցվեց Կառավարության նիստ օրակարգ և ընդունվեց՝ առանց քննարկելու մեր առաջարկները։
Պարոն Նախագահ, այս իրավական ակտը պետք է հիմնավորված լիներ հստակ վիճակագրությամբ, որն առկա վիճակի մասին առավել ճշգրիտ տեղեկատվություն կհաղորդեր, հետևաբար նաև կկարևորվեր առաջարկվող իրավական փաստաթղթի հրատապությունն ու անհրաժեշտությունը։
Այս որոշման հիմքում թե՛ վիճակագրություն, թե՛ արժանահավատ այլ հիմնավորումներ, ըստ էության, չկան։
Սակայն դասական իմաստով այդ որոշման հիմքում պետք է դրված լիներ վիճակագրություն, որը կմատնանշեր ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում աջակողմյան ղեկանիվով մեքենաների մեղավորությունը, շահագործման վտանգավորությունը, ինչպես նաև անվտանգության սարքավորումներով թերի հագեցվածության առումով անհերքելի փաստեր։ Այդ ամենը բնականաբար չկա։
Պատկան նախարարության հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանված է աջակողմյան երթևեկություն, սակայն նույն օրենքում և առհասարակ ՀՀ-ում տրասնպորտային միջոցներին առնչվող ոչ մի օրենքում նշված չէ, որ մեքենաների ղեկանիվը պետք է լինի ձախակողմյան, ուստի նախարարության կողմից հղումը սույն կետին բավարար, ճիշտ և հիմնավորված չէ արգելք սահմանելու համար։
Ընդհանուր առմամբ, վերլուծելով որոշման ողջ էությունը՝ գալիս ենք այն եզրահանգման, որ այն չի կրում իրավաչափ բնույթ և չի բխում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների շահերից։
Այդուհանդերձ, կա որոշում, կա խնդիր և մենք՝ մտահոգ քաղաքացիներս, սպառելով հարցի կարգավորմամբ իրավասու բոլոր պետական մարմինների հետ խնդիրը լուծելու հնարավորությունը, դիմում ենք Ձեզ հազարավոր ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ավտոներկրողների անունից, ովքեր մինչ Կառավարության կողմից ներմուծման արգելքի որոշումն ընդունելը, պատվիրել են մեքենաներ, որոնք ըստ հիմնավոր հաշվարկների մինչև ապրիլի մեկը չեն հասնելու Հայաստան։ Փաստորեն մարդիկ չեն կարողանալու իրենց կողմից ձեռք բերված սեփականությունը ներմուծել Հայաստան և կանգնելու են ֆինանսական լրջագույն խնդիրների առաջ։
Պարոն Նախագահ մեր առաջարկները հետևյալն են՝
1. Վերանայել ներմուծման արգելքի ժամկետը՝ այն սահմանելով 2018թ օգոստոսի 1-ից, որպեսզի մարդկանց պատվիրած և ճանապարհին գտնվող մեքենաները կարողանան ժամանակին հասնել Հայաստան։
2.Նույնիսկ արգելքի կիրառման պարագայում այն կրի մասնակի բնույթ, մասնավորապես՝ արտոնություն տալ հիբրիդային և էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրմանը անկախ այն հանգամանքից մեքենան ձախակողմյան թե աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ է։
Պարոն Նախագահ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, որպես մարդկանց իրավունքների գլխավոր պաշտպան, դիմում ենք Ձեզ՝ լիահույս լինելով, որ Ձեր սահմանադրական լիազորությունների շրջանակում անմիջական վերահսկողության տակ կվերցնեք այս հարցը և այն Հայաստանի շարքային քաղաքացու համար կունենա իրավաչափ հանգուցալուծում։
Դիմող` Արա Մելիքջանյան