Aravot.am-ը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին հիշեցրեց՝ հայտարարել էր, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցնելու է՝ ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը` պատրաստվո՞ւմ է, արդյոք, Ամուլսարի ծրագրի մասին ազատ խոսել: Այնուհետև պատգամավորին հարցրինք՝ այսօր՝ ժամեր առաջ, ԵԼՔ խմբակցության հետ Արմեն Սարգսյանի հանդիպմանն իր հարցը հղե՞լ է պարոն Սարգսյանին, Լենա Նազարյանը պատասխանեց, թե ժամանակը չի բավականացրել. «Չգիտեմ՝ մյուս խմբակցությունների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանն ինչքան ժամանակ է տրամադրել, բայց մեզ հետ հանդիպումը կարճ տևեց՝ շուրջ մեկ ժամ: Խմբակցության ղեկավարը հղեց իր հարցերը, և մինչև պարոն Սարգսյանը կպատասխաներ բոլոր հարցերին, ժամանակը սպառվեց»:
Լենա Նազարյանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հիմնականում Արմեն Սարգսյանն է խոսել, և նախընտրել է նրան չընդհատել:
ԵԼՔ խմբակցության պատգամավորը վստահեցրեց՝ անպայման այդ հարցը Արմեն Սարգսյանին հղելու է և եզրափակեց. «Եթե Արմեն Սարգսյանը հաստատի իր թեկնածությունը, ես այդ հարցը նրան կհղեմ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ