Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ անում եք՝ ձեր գլխին է գալու». սարիթաղցին՝ դատավորին

Փետրվար 09,2018 16:22

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սարի թաղի գործով» հերթական դատական նիստն է: Սարի Թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Այսօրվա նիստին չէր ներկայացել մեղադրող-դատախազ Գեւորգ Գեւորգյանը, ինչի պատճառով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց նիստը հետաձգելու մասին: Սա վրդովվեցրեց մեղադրյալներին: «Սրա վերջը ո՞նց կլինի»,-բարձր տոնով ասաց Էդուարդ Զեյթունյանը, ապա շարունակեց առանց դատավորի թույլտվության խոսել ու արժանացավ սանկցիայի՝ նիստերի դահլիճից որոշակի ժամանակով հեռացման տեսքով:

Դժգոհեց նաեւ Անդրանիկ Քյոսեյանը՝ դատավորին ասելով. «Ինչ անում եք՝ ձեր գլխին է գալու»:

Մեղադրյալները զայրույթ արտահայտեցին, որ գործի քննությունն առաջ չի ընթանում, նիստերը հետաձգվում են, մեկ ամսում հազիվ մեկ վկայի են հարցաքննում:

Տեղից խոսելու համար, ի վերջո, բոլոր չորս ամբաստանյալներն էլ հեռացվեցին նիստից:

Դատավորի որոշման դեմ առարկեցին ամբաստանյալների պաշտպանները: «Նրանց վարքը հասկանալի է: Մենք գնում ենք տուն ու քնում, իսկ իրենք կալանքի տակ են»,-նկատեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Գրիշա Բալասանյանն էլ դիմելով դատավորին՝ նշեց. «Պատկան մարմինների անգործության պատճառով մեր պաշտպանյալներն են տուժում: Երբ նրանց կալանքը փոխելու ու ազատ արձակելու միջնորդություն ենք անում, մերժում եք, բայց երբ նիստերն անտեղի ձգձգվում են, մոռանում եք, որ գործի քննության ողջամիտ ժամկետներ կան»:

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 14-ին, 14:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728