Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային գրաքննությունը Հայաստանում

Փետրվար 09,2018 16:18

Երկու անգամ չեղարկվելուց հետո հունվարի 7-ին Երևանում կայացավ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում ընդդիմության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման խոչընդոտումը շատերը, այդ թվում՝ գրքի հայերեն թարգմանության հեղինակն անվանեցին գրաքննություն։ Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, սա Հայաստանում գրանցված անթաքույց գրաքննության արդեն երրորդ դեպքն է։ Թեև տարբեր են միջոցներն ու պատճառաբանությունները, սակայն գրաքննության եղանակից անկախ՝ դրա էությունը նույնն է։

Ռեսուրսի բացակայություն

Հայաստանում վերջին տարիներին անաղմուկ, աննկատ և ոչ ուղղակի իրականացվող գրաքննությունը հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվեց 2017-ի հուլիսին, երբ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը մեկնարկից երկու օր առաջ ցուցադրությունից հանեց «Հայեր․ հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրը։

Գրաքննության պատճառը Գևորգ Ղազարեի «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» և իրանցի Փուրիա Հեյդարի Ուրեի «Ծիրանի այգիները» ծրագրային ֆիլմերն էին։ Նշված երկու ֆիլմերն էլ պատմում էին ԼԳԲՏ համայնքի մասին։

Կինոգործիչների միությունը, որի սրահում նախատեսված էր արտամրցութային ծրագրի ցուցադրությունը, հասարակական աղմուկի պատճառով հրաժարվել էր դրանց էկրանավորումից և առաջարկել ցուցադրել ծրագիրն այդ երկու ֆիլմերը ցանկից հանելու դեպքում։

Արդյունքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հայտարարել էր, որ բավական ժամանակ և ռեսուրս չունի այդ ֆիլմերն այլ վայրում ցուցադրելու համար՝ չեղարկելով ամբողջ ծրագիրը։

Այդուհանդերձ, հասունացած այս սկանդալի ֆոնին Սերժ Սարգսյանը, մասնակցելով կինոփառատոնին, այն անվանել էր «մարդասիրության գաղափարներ կրող»։

 

Ձևաչափի համաձայնեցում
            «Ոսկե ծիրանի» շրջանակում գրաքննության սկանդալից ամիսներ անց հայտնի դարձավ Մշակույթի նախարարության կողմից խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցադրության արգելքի մասին։

Որպես 2017թ․ օգոստոսին Թումանյանի թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության արգելքի պատճառ ներկայացվեց դրա ձևաչափը։ Մշակույթի նախարարությունում հայտարարել էին, որ ցուցադրության բացօթյա ձևաչափը համաձայնեցված չի եղել, ինչն էլ դարձել էր Թումանյանի թանգարանում դրա ցուցադրության արգելքի պատճառը։

«Խավարումը» պատմում էր լենին-ստալինյան տեռորի և լենինյան-ստալինյան-քեմալական համագործակցության և դրա արդյունքում զոհված մոտ 50 հազար հայերի (այդ թվում՝ մտավորականության) մասին։ Այն ցուցադրվեց 22 օր, ինչից հետո փակվեց՝ ավելի ուշ վերաբացվելով այլ վայրում։

Տեխնիկական խնդիրներ

«Խավարման» գրաքննությունից հետո հաջորդ դեպքը երկար սպասեցնել չտվեց։ Արդեն 2018-ի հունվարին հայտնի դարձավ, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը չեղարկել է Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ չնայած նախնական պայմանավորվածության առկայությանը։ Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանին թանգարանի տնօրինությունը հայտնել էր, որ պայմանագրի կնքումն անհնար է «տեխնիկական խնդիրների պատճառով»։

Չեղարկմանը զուգահեռ սոցիալական ցանցերում ակտիվացան Սաակաշվիլու՝ «հակահայ» գործիչ լինելու մասին քննարկումները, բազմաթիվ մարդիկ արդարացրին գրքի ցուցադրության չեղարկումը։ Վրաստանի նախկին նախագահի՝ «հակահայ» լինելու մասին շահարկումները հարաբերականորեն լռեցին, երբ որոշ ԶԼՄ-ներ հիշեցրեցին Սերժ Սարգսյանի կողմից Սաակաշվիլուն «Պատվո շքանշան» պետական պարգև շնորհելու մասին։ Շնորհանդեսի չեղարկմանն արձագանքեց նաև ինքը՝ Սաակաշվիլին: Ֆեյսբուքի իր էջում քաղաքական գործիչը գրել էր, թե կարծում էր, որ Ուկրաինան է խորը քաղաքական ճահճում, սակայն «Հայաստանում խնդիրներն ավելի խորն են»։

Սահակաշվիլու գրքի գրաքննության հանգամանքը հասարակական ավելի բարձր հնչողություն ստացավ դրա շնորհանդեսի երկրորդ չեղարկումից հետո։ Համապատասխան պայմանավորվածության ձեռքբերումից ավելի ուշ շնորհանդեսը հյուրընկալելուց հրաժարվել էին «Նոյյան տապան» գրախանութում։ Գրախանութի տնօրենը գրքի թարգմանչին հայտնել էր, որ հրաժարվում է միջոցառման անցկացումից և հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։

Այս երեք պատմությունները երկրում գոյություն ունեցող անուղղակի գրաքննության վկաներն են։ Եվ անգամ եթե որոշ դեպքերում այդ գրաքննությունը չի ուղղորդվում որևէ տեղից և ներքին, ինքնուրույն կազմակերպվող է ընդամենը, միևնույնն է, այն արձագանք է քաղաքական առկա արժեհամակարգին և միտված է խուսափելու հնարավոր խնդիրներից, որոնց փաստացի առերեսվելու հավանականությունը Հայաստանում կա։

 

Արեն Մելիքյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Ուղղակի 2 անգամ արգելեցին որ աղմուկ լինի և ավելի շատ մարդ իմանա այդ մասին

  2. Վասիլի Գևորգյան says:

    Հոդվածում բերված ոչ մի փաստի հետ չեմ վիճի, սակայն ինձ մոտ այլ եզրակացություն ձևավորվեց. սա ոչ թե գրաքննության, այլ ստրկամտության դրսևորում է: Գրաքննությունը ենթադրում է սահմանափակումների կենտրոնացված համակարգ: Այստեղ, իմ տպավորությամբ, ամեն անգամ գործել է այս կամ այն արգելողի ստրկամտությունը, որը մղել է նրան նախաձեռնություն ցուցաբերել և որևէ պատճառաբանությամբ միջամտել մշակութային գործընթացներին: Մի դեպքում դա Կինոգործիչների միության վերնախավից ինչ-որ մեկն էր, մեկ այլ դեպքում՝ մանր պաշտոնյա նախարարությունից, երրորդ դեպքում՝ թանգարանի կամ գրախանութի տնօրեն: Վերջին օրինակն ամենից հետաքրքիր է՝ գրախանութը, կարծեմ թե մասնավոր է և տնօրենը որևէ մեկին չի ենթարկվում, իսկ տվյալ գրախանութը նաև բավական ամուր հիմքերով բիզնես է և, կարծես, կարող է չվախենալ նաև ֆինանսական ճնշումներից պետության կողմից: Գրաքննություն չէ …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728