Հույս ունեմ Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Մամուլի ասուլիսը հրավիրվել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ավարտին:
«Այդ համաձայնագիրը մեր համագործակցությունը կդարձնի էլ ավելի հաջող»,- ասել է Մոգերինին:
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ նոր համաձայնագիրը նոր էջ կբացի ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում: «Աշխատանքները շարունակվում են, հեշտ չէ: Հայտնի է, որ Ադրբեջանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ: Այս պահին մենք ուղի ենք փնտրում այդ հարցը լուծելու համար»,- ասել է նա:
Կողմերն անդրադարձել են նաև Արցախի հակամարտության կարգավորման խնդրին: Մասնավորապես, Մոգերինին նշել է, որ հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ