Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1, քաղբանտարկյալներ, Բաղրամյան 26-ից նախագահին հանել. Ինչ է խոսել «Ելքը»՝  Արմեն Սարգսյանի հետ

Փետրվար 09,2018 14:56

Ինչպես տեղեկացրել ենք, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ելք» խմբակցության անդամների հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ թեմաների շուրջ են խոսել Սարգսյանի հետ: Փաշինյանն ասաց, որ Արմեն Սարգսյանին ասել են, որ Սերժ Սարգսյանը հավակնում է վարչապետի պաշտոնում եւ դա լուրջ հարց է, ՀՀ նախագահը, ով էլ լինի, լուրջ խաչմերուկի մեջ կարող է հայտնվել. «Հետաքրքրվել ենք, թե ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել, ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին է վերապահվում, բայց օրենքը փոփոխում են այնպես, որ դե ֆակտո դառնում է  վարչապետի գործառույթը: Ընտրակաշառքի խնդիրներով ենք հետաքրքրվել, Մարտի 1-ի մասին դիրքորոշումն ենք փորձել ճշտել, քաղբանտարկյալների հետ կապված հարց ենք բարձրացրել, նաեւ իր քաղաքացիության հետ կապված»:

Թե ինչ է իրենց ասել Արմեն Սարգսյանը, Փաշինյանը կոռեկտ չհամարեց իր խոսքերը հրապարակել: Հարցին՝գո՞հ եք հանդիպումից՝ նա պատասխանեց, որ իր պատասխաններն ընդունել են ի գիտություն, բայց իրենց քաղաքական դիրքորոշումներում փոփոխություն չկա:

Հարցին՝ իր մոտեցումներով Արմեն Սարգսյանը տարբերվո՞ւմ է գործող իշխանությունից, իշխող ՀՀԿ-ից, Սերժ Սարգսյանից եւ մյուսներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ «եթե Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն լինի, ինքը իշխանության թիմի մեջ է՝ սահմանադրական նոր գործառույթներով, որի վրա դրված է քաղաքական պարտավորություն լինել չեզոք եւ անաչառ: Արմեն Սարգսյանը, եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, նշանակում է համաձայնվում է լինել այդ դերակատարը»:

Կարո՞ղ է Արմեն Սարգսյանը հակակշռել իշխող ՀՀԿ-ին՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա նախագահի պարտականությունն է, թե ինչքանով կկատարվեն պարտականությունները, դրանից կբխի մարդկանց վերաբերմունքը՝ այդ գործունեության նկատմամբ:

Թե Արմեն Սարգսյանի մասին ի՞նչ կարծիք է կազմել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենց կարծիքը չի փոխվել: Նա ասաց, որ իր քաղաքացիության հետ կապված հարցը կարելի է ճշտել, եթե այն, ինչ Արմեն Սարգսյանն ասում է, համապատասխանում է իրականությանը, ուրեմն Սահմանադրությունը չի խախտվել. «Եթե իր պարզաբանումները ճիշտ են, ուրեմն չի խախտվել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դուք Արմեն Սարգսյանից ճշտե՞լ եք՝ ինքը պատրաստվո՞ւմ է նստել ձեր ասած «եվրոռեմոնտ կվարտիրայում եւ միայն ժպտալ»: Փաշինյանը պատասխանեց. «Առաջադրել ենք հենց կոնկրետ նստավայրի հետ կապված հարցը եւ օրենսդրական փոփոխության հետ կապված հարցը, ստացել ենք դրա հետ կապված պատասխաներ եւ այդ պատասխաններն ընդունել ենք ի գիտություն»:

Ժպտալ-չժպտալու վերաբերյալ նույնպես Արմեն Սարգսյանից պատասխան են ստացել, թե ինչ՝ Փաշինյանը չհստակեցրեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728