Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան շարժում-30. Արկադի Կարապետյանն այն կարծիքին է, որ փետրվարի 13-ը պետք է համարվի շարժման սկզբնավորման օր

Փետրվար 09,2018 14:53

«Դեմ եմ, որ Արցախյան շարժման սկզբնավորման օր համարվի փետրվարի 20-ը, որովհետև փետրվարի 13-ից սկսած այն արդեն համաժողովրդական բնույթ է կրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

«Ընդհանրապես ցանկացած միջոցառումներից առաջ էլ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Մինչ 1988 թվականը այդ ամենը մենք անում էինք ընդհատակում»,- նշում է նա:

Ըստ նրա խորհրդային տարիներին, ամեն տասնամյակում էլ, Արցախի հայությունը ինչ-որ մի բան փորձել է անել, սակայն միշտ այդ փորձերը հակազդվել են: Եվ գորբաչովյան վերակառուցման քաղաքականության տարիները նպատակահարմար էր` ձեռնարկած գործը ավարտին հասցնելու համար: «Երբ 87-ի հուլիսին Ղրիմի թաթարներն իրենց հարցը բարձրացրեցին, կարծեցինք, թե հիմա նրանց հարցը կլուծվի, և մենք հետ կմնանք: Ու սկսեցինք մեր քայլերն արագացնել: Արդեն 87-ի հոկտեմբերին առանձին գործող ընդհատակյա խմբերով համախմբվել էինք ու կոորդինացնում էինք մեր գործունեությունը: Կապեր էինք հաստատել Հայաստանի մեր համախոհների հետ: Շարժումը արդեն թափ էր առնում»,- հիշում է նա` հավելելով, որ տարբեր կոլեկտիվներում կազմակերպում էին գաղտնի ժողովներ, կատարվում էին ստորագրահավաքներ, իսկ մինչ 1988 թ-ի փետրվարը` արդեն երկու պատվիրակություն էր մեկնել Մոսկվա:

«88-ի փետրվարին ադրբեջանցիները մարզկոմի բյուրոյի նիստ հրավիրեցին և որոշեցին շրջաններում անցկացնել կուսակցական ակտիվի նիստեր, դատապարտել տեղի ունեցող իրադարձությունները և ընդունել որոշում, որ շարժումը համաժողովրդական բնույթ չի կրում, այլ որոշ ծայրահեղականների փորձ է: Սակայն ժողովրդի մեջ հասունանում էր աննահանջ պայքարի միտումը: Փետրվարի 12-ին շրջաններում կազմակերպեցինք միտինգներ, որոնք անցան այնպես ինչպես որ պլանավորել էինք: Եվ տեսնելով, որ շրջաններում նախատեսված նիստերը տապալվում են, ադրբեջանցիները որոշեցին միայն ընդհանուր մարզկոմի պլենիումով ընդունել որոշումը: Հասունանում էր արդեն հանրահավաք անցկացնելու պահանջը: Կոլեկտիվներում պատրաստ էին:

Փետրվարի 13-ն էր: Մանկավարժական ինստիտուտի (այժմ Արցախի պետական համալսարան) ուսանողության մեզ հետ համագործակցող խումբը պատրաստ էր: Սակայն առաջ եկան խնդիրներ. պրոֆեսորադասախոսական կազմը խոչընդոտում էր նրանց` դուրս գալ երթի: Փողոց դուրս եկանք գյուղտեխնիկումի ուսանողական անձնակազմի հետ` քայլերթով շարժվելով հրապարակ: Այնտեղ էին հասել նաև Ասկերանի խումբը` 400-ից ավելի մարդ: Այդ ընթացքում ուշացումով մեզ կարողացան միանալ նաև մանկավարժականի խումբը: Բոլորով մտանք հրապարակ: Ընթացքում արդեն մեզ միանում էին այլ կոլեկտիվներ ևս: Ելույթներ ունեցանք, և մեր խոսքը բխում էր ժողովրդի սրտից: Փետրվարի 15-ին Մոսկվայից վերադարձավ հերթական պատվիրակությունը (թվով երրորդ), որից հետո ամեն օր շարունակվում էին հանրահավաքները,- հիշում է Ա. Կարապետյանը և եզրափակում,- երբ դեռ գործում էինք ընդհատակում, հասկանում էինք, որ այս ամենի վերջը պատերազմ է լինելու: Դա դեռ ողջ ժողովուրդը երևի չէր գիտակցում, սակայն մենք պատրաստվում էինք և զինվում»:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728