Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հեղափոխությունն ու իրանահայերը

Փետրվար 09,2018 14:23

Իրանի թագավորական վարչակարգը տապալվեց 11 փետրվարի 1979 թվականին․ Մոհամեդ Ռեզա Փահլավի արքան արդեն օրեր առաջ փախել էր Եգիպտոս, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին աքսորից վերադարձել էր և ստվերային կառավարություն էր նշանակել՝ ճարտարագետ Բազերգանի ղեկավարությամբ։
Իրանաբնակ հայերն արդեն ամիսներ առաջ զգացել էի թագավորական վարչակարգի մոտալուտ տապալումը։ Նրանք մտահոգ էին երկրի ապագայով, հայ համայնքի ապահովությամբ և համայնքային կառույցների անվտանգ պահպանմամբ։ Հայերից շատերը և հատկապես երիտասարդները հեղափոխականներին համակրում էին և մասնակցում էին նրանց միջոցառումներին և ցույցերին։ Դեռ արքայի իշխանության վերջին օրերին Իրանի մամուլն ըմբոստացավ Թեհրանի ռազմական հրամանատարի գրաքննության որոշման դեմ և բոլոր թերթերը հրատարակվեցին սպիտակ էջերով․ այդ գործադուլին միացավ նաև «Ալիք» հայկական օրաթերթը։ Համարյա կազմաքանդված էր երկրի խորհրդարանը և երկրից փախել էին նաև հայ երկու պատգամավոր՝ Էմմա Աղայանն ու Սևակ Սագինյանը։ Համայնքային մարմինները թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արտակ Մանուկյանի գլխավորությամբ կանոնավոր կերպով աշխատում էին։

Իրանահայերը 19 հունվարի 1979 թվականին, այսինքն` արքայի փախուստից երեք օր հետո և հեղափոխության հաղթանակից երեք շաբաթ առաջ, խուռներամ շարքերով մասնակցեցին Առբայինի նշանավոր երթին և իրենց համակրանքը հայտնեցին Իմամ Խոմեյնիի սկսած շարժման։ Իրանի հեղափոխության պատմագիրների կարծիքով այս բազմամիլիոնանոց ցույցը, այն էլ զինվորական դրության պայմաններում, վերջնականապես ջախջախեց թագավորական վարչակարգի երերուն հիմքերը։ Դրանից հետո՝ 01 փետրվարի 1979 թվականին, երեք քահանա հայոց եկեղեցական թեմի առաջնորդարանի հանձնարարությամբ մասնակցեցին Իմամ Խոմեյնիի աքսորից վերադարձի դիմավորման արարողության։ Հաջորդ օրերի ընթացքում համայնքային մարմինների ներկայացուցիչներ այցելեցին Իմամի Թեհրանի նստավայր։ Օրեր անց Իմամ Խոմեյնիի Ղոմ քաղաքի նստավայրում պաշտոնական ընդունելություն կազմակերպվեց իրանահայության մեծաթիվ պատվիրակության անդամների համար, որը գլխավորում էր Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արտակ Մանուկյանը։ Իմամն այստեղ շատ բարձր գնահատեց իրանահայության նվիրվածությունը, բարեպաշտությունը, հավատքը և աշխատասիրությունը և շեշտեց, որ ինքը հայերին գիտի դեռ իր ծննդավայրի՝ Խոմեյնի, գյուղերից և հայերը ստեղծվելիք Իսլամական Հանրապետությունում որևէ դժվարություն չեն ունենա։

Երկրի նոր Հիմնական Օրենքի մշակման համար ընտրվեց Սահմանադիր ժողով (Խոբրեգան), հայերի կողմից ընտրվեց Հրայր Խալաթյանը, որը լավապես պաշտպանեց իրանահայության համայնքային շահերը։ Սահմանադրությամբ ամրագրվեց հայերի եկեղեցական ու ծիսական իրավունքները և հայկական դպրոցներում պետական լեզվի կողքին երաշխավորվեց հայոց լեզվի դասավանդումը։ Երկրի ապագա խորհրդարանում երկու ամբողջական տեղ հատկացվեց հայերին և մեկական տեղ ասորիներին, զրադաշտականներին ու մովսիսականներին։ Նախկինում երկրի հյուսիսից ընտրված քրիստոնյա պատգամավորը հավասարապես ներկայացնում էր հայերի և ասորիների շահերը և Հրայր Խալաթյանի ջանքերով ու Խոբրեգանի մեծամասնության համաձայնությամբ ապագա խորհրդարանում երկու ամբողջական տեղ հատկացվեց հայերին, իսկ առանձին մեկ տեղ ասորիներին։ Իսլամական հանրապետության առաջին գումարման խորհրդարանի հայ պատգամավորներ ընտրվեցին Թեհրանից և հյուսիսից՝ Հրայր Խալաթյանը, իսկ Սպահանից ու հարավից՝ դոկտոր Հրաչ Խաչատրյանը։
Իրանում այժմ գործում են տասնյակ հայկական բանուկ եկեղեցիներ ու դպրոցներ, ունենք Կիլիկիո կաթողիկոսության երեք թեմ՝ Թեհրան, Սպահան (Սպահան) և Թավրիզ առաջնորդանիստ կենտրոններով, հայերն հիմնականում ապրում են Թեհրան, Արաք, Գորգան, Սարի, Նոր Ջուղա, Շահին շահր, Շիրազ, Ահվազ, Թավրիզ և Ուրմիա քաղաքներում․ հրատարակվում են հայերեն լեզվով թերթեր, Իսլամական խորհրդարանի հայ պատգամավորներն են Ժորժ Աբրահամյանը և դոկտ․ Կարեն Խանլարյանը։
(Լուսանկարում հանգուցյալներ Իմամ Խոմեյնի և Արտակ արքեպիսկոպոս)

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728