Փետրվարի 9-ին կայացած ասուլիսում Մարտի 1-ի քրեական գործի մասին խոսելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց. «Այս գործը առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, որովհետեւ մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունի: Այս գործի վարույթը կասեցված չէ, քրեական գործի վարույթը կարճում գնալու որեւէ միտում չունի այս պահի դրությամբ:
Այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Քրեական գործի հրապարակայնության ապահովման համար, երբ որ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձին դատի տալու խնդիր ունենք, որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք, բավարար ապացույցներ, բնականաբար, դա կիրացվի»:
ՀՀ գլխավոր դատախազը հավելեց, որ այս պահի դրությամբ, նախաքննությանը բնորոշ գաղտնի ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ:
Նրա խոսքերով. «Որոշակի արդյունքների, ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»:
Լրագրողի պնդմանը, թե գործը տարիներով ձգձգվում է, գլխավոր դատախազը պատասխանեց. «Եթե այն պատկերացումն ունենք, որ հանցագործությունների բացահայտման մեր հնարավորություններն անսահմանափակ են, ես շատ ուրախ եմ դրա համար, բայց ինքներդ տեսնում եք, որ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար:
Օրինակ, 2017թ սպանության քրեական գործով մենք կարողացանք ձեռք բերել տվյալներ եւ բացահայտել 2013 թ կատարված սպանությունը, որի վարույթն արդեն կասեցված էր, իսկ ինչ վերաբերում է մարտի 1-ի գործին, դրա բարդության մասին, կարծում եմ՝ բոլորդ լիարժեք պատկերացում ունեք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ