Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը քիչ առաջ «Ելք» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա շնորհակալություն հայտնեց, որ դեռ թեկնածու չի, բայց այդքան հետաքրքրություն կա իր հանդեպ: Նա ասաց, որ իր շուրջ բամբասանքներ, հարցեր են առաջանում՝ Վազգեն Սարգսյան, Ամուլսար եւ այլն, եթե լինի նախագահ, շատ կարեւոր է, որ հասարակությունը ճիշտ պատկերացում ունենա իր մասին:
Նա ասաց, որ «Ելքի» հետ հանդիպումից բավարարված է, քննարկումը շատ բաց է եղել. «Ես հստակ գիտեմ, որ «Ելքը» հայտարարել է, որ դեմ են քվեարկելու: Ես հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու, չեմ աշխատելու հասարակության այն մասի հետ, որոնք ընդդիմադիր կարծիք են հայտնում»:
Լրագրողները հարցրեցին՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահը պետք է միայն ՀՀ քաղաքացիություն ունենա, մինչդեռ Eurasia House International-ի փաստաթղթերում նշված է, որ 2014-ին դուք Բրիտանիայի քաղաքացի եք եղել:
Արմեն Սարգսյանը պարզաբանեց. «Հարցը, որպես այդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա: Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000-ին , երբ ես ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության Բրիտանիայում եւ ստացել եմ քաղաքացիություն 2002-ին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Ես տասնյակ ընկերությունների, կազմակերպությունների խորհրդի անդամ եմ եղել, հիմա էլ եմ: Այդտեղ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր՝ հայ եմ: 2011-ին հրաժարականս տալուց հետո Financial Times-ում հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են՝ որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի կամ որպես ՀՀ քաղաքացի»:
Նա ասաց, որ Eurasia House International-ը իր հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբին է հիմնադրել, 2010-ի շրջանակներում այդ կազմակերպության գործունեությունը կանգնել է. «Եթե հիմա Դավոսը նայեք, այնտեղ կարող եք գտնել, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Այնպես չի, որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցին»:
Թե ինչու հրաժարական տվեց՝ Արմեն Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչու ընդունեցի. «Իմ գործունեության համար անհրաժեշտ էր, որ ես ճանապարհորդեմ, տարբեր երկրներում լինեմ, գործնական, նաեւ անվտանգության հազար ու մի խնդիր կար: Հրաժարվեցի, որովհետեւ դրա կարիքն այլեւս չկար, ոչ թե 2011-ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք՝ ես պետք է դեսպան դառնամ, հետո էլ պիտի թեկնածու: Այդ հարցն ինձ համար գոյություն չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ