Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը մտավախություն ունի, որ կառավարության նիստերի՝ դռնփակ դառնալուց հետո ալիքի նման նույն նախաձեռնությամբ փակվելու են մյուս կառույցների նիստերը ևս:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ կառավարության դռնփակ նիստեր. ժողովրդավարության հետքա՞յլ, թե՞ արդյունավետ աշխատելաոճ» թեմայով քննարկմանը անդրադառնալով պաշտոնյաների հիմնավորումներին, թե դռնփակ նիստերը հնարավորություն չեն տալիս արդյունավետ աշխատել՝ տիկին Դոյդոյանը հարցրեց. «Ստացվում է՝ նախորդ տասը տարիներին մեր կառավարությունը գործել է հակադեմոկրատական, ոչ արդյունավետ: Անընդհատ պնդում են, որ սա խոսքի ազատության հետ կապ չունի, ուղղված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Արտահայտվելու ազատությունը միայն խոսելը չէ, այլ այն, որ լրագրողներն ազատ մուտք պիտի ունենան: Փակելով նրանց մուտքը՝ նախ ոտնահարվում է նրանց ուղղակի, անմիջական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սա ազդելու է նաև հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա, քանի որ լրագրողները պարզապես միջնորդ են»:
Այն արդարացումներին, թե տեսախցիկների ներկայությունը նիստերի ընթացքում կաշկանդում է պաշտոնյաներին, Շուշան Դոյդոյանն արձագանքեց. «Այդպես էլ պետք է լինի: Լրագրողի դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է, որ նրանք ոչ թե որոշեն՝ միլիոնավոր դրամներ պետք է ծախսեն կոնյակ, մարտի ութի նվերներ, ամանորյա շքեղ հանդիսություններ անելու համար, այլ որ հանրության համար օգտակար բան անեն»:
Շուշան Դոյդոյանը վստահեցրեց՝ այս որոշմամբ հանրությունը տեղեկատվական վակուումի առաջ է կանգնելու: Տիկին Դոյդոյանը հիշեցրեց՝ երկու տարի առաջ կառավարությունն առաջարկություն էր արել առցանց հեռարձակել նիստերը ու հարց բարձրացրեց՝ հետևաբար այս երկու տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որ հիմա նույն ոգևորությամբ փակ դռների ետևում անցկացնելն են պնդում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստեց՝ լրագրողներն ամենևին էլ կառավարության նիստերի դահլիճում չեն, այլ առանձին սենյակում՝ մոնիտորի միջոցով են հետևում նիստին, ուստի որևէ կաշկանդվածություն չկա. այդ տեսախցիկները կառավարության անդամները չեն տեսնում և միայն նիստից հետո են լրագրողները մոտենում նրանց: Ըստ պարոն Մելիքյանի՝ այս որոշումը վկայում է այն մասին, որ պաշտոնյաները պատրաստ չեն հանրային դեմք լինելու:
Նա վրդովվեց. «Եթե դուք պետական գաղտնիք չեք քննարկում, այդ հարցերի մեջ գաղտնիք չկա, բայց շատ կարևոր է հանրության համար, ինչո՞ւ չեք փակում: Այստեղ և՛ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում, և՛ հասարակության հետ ոչ թափանցիկ աշխատելու միտում: Իսկ նման աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, այլ հակառակը: Այնպես որ, Դավիթ Հարությունյանն ինչ պնդում է, շատ լավ հասկանում է, որ փակ աշխատանքը չի կարող ժողովրդավարության արտահայտում լինել: Երբ ինքը հակառակն է պնդում, նույնիսկ ձայնն է դողում»:
Պարոն Մելիքյանը հիշեցրեց՝ օրինագծի մեջ կա մեկ այլ դրույթ, որտեղ ասվում է, որ կառավարության անդամների ելույթները պետք է համահունչ լինեն ընդհանուր քաղաքականությանը: Սա հասկանալի է. թիմային աշխատանք է իրականացվում, և նախարարի ելույթը պետք է համապատասխանի: Սակայն պարոն Մելիքյանն անընդունելի համարեց այն, որ սրան զուգահեռ ասվում է, որ պետք է նախարարը վարչապետից թույլտվություն վերցնի հարցազրույց տալու համար. «Սա արդեն մանկապարտեզային հարաբերություններ են կառավարության ներսում»:
Անդրադառնալով պաշտոնատար անձանց այն արդարացումներին, թե զարգացած երկրներում՝ Անգլիա, Էստոնիա և այլն, նիստերը դռնփակ են, Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց. «Բոլոր նշված երկրներում կան այլ միջոցներ հանրությանն իրազեկ պահելու և թափանցիկ աշխատելու համար: ՀՀ-ում այդ միջոցները մշակված չեն, չեն կիրառվում: Որպես դրանց փոխհատուցում՝ որոշվեց բաց նիստեր անցկացնել»:
Դառնալով նախարարների՝ վարչապետից թույլտվություն ստանալու մասին պահանջին՝ պարոն Նավասարդյանը նկատեց, թե դա նախարարությունների ցանկությունից էլ է բխում. «Ուղղակի, երբ այդ արգելքը չկա, նրանք չգիտեն՝ ինչ պատասխանել: Մեզ մոտ իրավիճակ է ստեղծվել, երբ բացի նախարարից, դու չես կարող որևէ տեղեկություն ստանալ նախարարության աշխատակիցներից»:
Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ մոտ ամիսներին ընդունվելու են հանրային շահերին հակասող որոշումներ, և այդ ընթացքում նախարարները և կառավարության ներկայացուցիչները արտահայտելու են այնպիսի տեսակետներ, որոնք անմիջապես իրենց վարկաբեկելու են, դրա համար իրենց անհրաժեշտ են դռնփակ նիստեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի