«Այսօր շատերն են օգտվում իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքից: Խնդիրն այն է, որ այդ կարծիքը կիսողների թվաքանակը կարելի է նույնացնել մի հացի խանութի մոտ հերթ կանգնած մարդկանց թվաքանակին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկ արած հայտարարությանը:
Հիշեցնենք, օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք հանդես են գալու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, որտեղ հիմնական վիճելի հարցերից մեկն էլ վարկանիշային ընտրակարգի վերանայումն է:
Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին փոխանցեց, որ ինքը խոսել է Արմեն Ռուստամյանի հետ եւ հույս ունի, որ քաղաքական կոնսենսուսի կգան եւ համատեղ առաջարկ կներկայացնեն վարկանիշային ընտրակարգի վերանայման մասով:
Երեկ, սակայն, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց համար ընդունելի չէ «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը. «Իրենք ասում են`նախագիծը տանենք, հանձնաժողովը մերժի, շուխուր լինի»:
Aravot.am-ն էլ Գեւորգ Պետրոսյանից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ են դեմագոգիայով զբաղված:
«Ժողովրդին հարցրեք, ժողովուրդը շատ լավ կասի՝ ով է դեմագոգիայով զբաղված, ով՝ ոչ, ժողովուրդը շատ լավ կասի, թե ովքեր են ինքնանպատակ մուտք գործում քաղաքականություն, ովքեր են ամեն ինչի գնում եւ պաշտոններ նվաճում: Այդ ամենից հետո նոր գնահատեք ասված կարծիքը,- պատասխանեց Գեւորգ Պետրոսյանը, հավելելով,- «Ծառուկյան» դաշինքը երբեք ոչինչ չի անում ինքնանպատակ եւ աննպատակահարմար: Մենք՝ ի տարբերություն քաղաքական որոշ ուժերի եւ գործիչների, երբեք մեր կամքին ու համոզմունքներին հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չենք գալիս: Եթե մենք հանդես ենք գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, ապա մենք հավատում ենք դրան եւ իսկապես հասկանում ենք խնդրի կարեւորությունը: Ի վերջո, այդ ամենի գնահատականը տալիս է ժողովուրդը՝ իր վստահությամբ ու քվեով»:
Ըստ Գեւորգ Պետրոսյանի, եթե առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, ուրեմն որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ չպետք է հանդես գալ, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն եւ բոլոր նախագծերը դատապարտված են մերժման: Այս պարագայում, ըստ Գեւորգ Պետրոսյանի, ստացվում է, որ իրենք ինքնանպատակ են խորհրդարանում տեղեր զբաղեցնում: Արմեն Ռուստամյանի կարծիքը ինքը համարում է ոչ կենսունակ եւ դրան ավելորդ անդրադարձն այլեւս անիմաստ է համարում:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ այս ամենից հետո հնարավոր համարո՞ւմ են համագործակցությունը ՀՅԴ-ի հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքում համատեղ աշխատանքը հնարավոր համարում են այն բոլոր ուժերի հետ, որոնց նպատակը, ոչ թե ցուցադրաբար, այլ իսկապես երկիրն ու ժողովրդին այս վիճակից դուրս բերելն է. «Ոչ թե իշխանական լծակներ ու տեղեր զբաղեցնելն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ