Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքին ծառայելը, մանավանդ դիրքապահի պարտականությունների կատարումն արժանապատվության չափանիշ պետք է լինի բոլորի համար»

Փետրվար 09,2018 13:19

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Արցախյան ազատամարտն ու վերջին տարիներին մեր հայրենիքին սպառնացող բացահայտ ու անբացահայտ մարտահրավերներին դիմակայելու հայկական բանակի ունակությունն ապացուցում են, որ այն կայացած և մշտապես կատարելագործվող կառույց է: Լինելով մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը, նրա հոգևոր ու նյութական արժեքների կրողն ու պաշտպանը` բանակը մշտապես հմտորեն կատարում է իր պարտականությունները և ունի բարոյակամային բարձր որակներով օժտված, գիտակից զինծառայողների կարիք:

Թե որն է հայոց բանակի զինվորի տեղն ու դերը, ինչ առաքելություն է նա կատարում` կանգնելով հայրենիքի պաշտպանության դիրքերում, ինչ է մտածում ազգի, հայրենիքի ու սեփական պարտականությունների կատարման մասին, փորձեցինք պարզել գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայող, շարքային Արման Պողոսի Մելքումյանից:

Նա ծնվել է 1998 թվականի մայիսի 31-ին Մասիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2016 թվականին, զորակոչվել է բանակ` իր քաղաքացիական պարտականությունը հայրենիքին մատուցելու համար:

Մեկ տարուց ավելի է, ինչ Արմանը ծառայում է Պաշտպանության բանակում: Ուսումնական գումարտակում համապատասխան պատրաստություն անցնելով` ընդգրկվել է մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանման կազմում, հասցրել ծանոթանալ ծառայության բոլոր նրբությունների հետ և ինչպես ասում են` «թացն ու չորն իրարից ջոկել գիտի»:

Նրա կարծիքով, զինծառայության ընթացքում երիտասարդների մտածելակերպի մեջ շատ բան է փոխվում. «Դառնում ենք ավելի հասուն ու ավելի իրատեսորեն ենք ընկալում կյանքը, տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց նշանակությունը: Հայոց բանակի զինվորն առաջին հերթին հայրենիքի նվիրյալ պաշտպան է, նրա անվտանգության երաշխավորը: Իսկ կանգնելով նրա պաշտպանության դիրքերում և կատարելով դիրքապահի պարտականություններ` գործնականում ապացուցում ես, որ ցանկացած գնով պատրաստ ես կատարելու այդ առաքելությունը»:

Շարքային Ա. Մելքումյանը խոստովանեց, որ նախքան զորակոչվելը շատ քիչ բան գիտեր ծառայության մասին: Դրանց մի մասը, ինչպես հետագայում պիտի պարզվեր, չէր համապատասխանում իրականությանը: Ճիշտ է, ծառայության սկզբում դժվարություններ ու խնդիրներ եղել են՝ մասնավորապես, կապված նոր միջավայրի ու կյանքի նոր պայմաններին հարմարվելու հետ: Սակայն շնորհիվ հրամանատարների ու ծառայակից ընկերների ցուցաբերած վերաբերմունքի` կարճ ժամանակում ինտեգրվեց բանակային կյանքին: Այժմ այն համոզմունքին է, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի հայոց բանակում ոչ միայն իր պարտքը կատարելու, այլև ֆիզիկապես ու հոգեբանորեն ավելի կոփվելու համար:

«Հայրենիքի պաշտպանությունը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է: Ով զարտուղի ճանապարհներով խուսափում է այդ պարտքը կատարելուց, նա արժանի չէ այս հողի զավակը կոչվել: Ուրեմն՝ հայրենիքին ծառայելը, մանավանդ դիրքապահի պարտականությունների կատարումն արժանապատվության չափանիշ պետք է լինի բոլորի համար: Մեկ տարուց ավելի է, ծառայում եմ բանակում և կարող եմ վստահաբար ասել, որ այս ընթացքում ոչ միայն զինվորականի մասնագիտություն եմ ձեռք բերել, այլև ավելի եմ կայացել, կոփվել ֆիզիկապես ու բարոյապես, ձեռք բերել նոր գիտելիքներ հայոց պատմության, մեր ժողովրդի կրած հաղթանակների ու դառը պարտությունների, նրա նվիրյալ զավակների վերաբերյալ»,- ասաց շարքային Ա. Մելքումյանը:

Արմանի կարծիքով զինվորն իր երկրի ու ազգի նվիրյալ քաղաքացին պետք է մնա նաև ծառայությունից հետո, քանի որ ժամանակի հրամայականն է այդպիսին:

«Մենք ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում և այնպիսի երկրների հարևանությամբ, որ ինչպես ապրիլյան մարտական գործողությունները ցույց տվեցին, ցանկացած պահի պետք է ազգ-բանակ դառնանք, կանգնենք դիրքապահի կողքին` հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար: Դրա համար յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է տիրապետի զենքին ու զինվորականի մասնագիտությանը: Այս առումով զինծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն անփոխարինելի են և անհրաժեշտ են բոլորիս»,- մեզ հետ զրույցում վստահորեն իր կարծիքն է հայտնում դիրքապահի պարտականությունները կատարող, շարքային Արման Մելքումյանը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728