Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամներ ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել`պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ավագանու այդ 5 անդամների լիազորությունները եւ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել:
Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի կերպով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից:
Ազատամուտի ավագանու արդեն նախկին անդամ, մասնագիտությամբ շինարար Ալիկ Էլարյանն ասաց, որ ավագանու անդամներով դատարան են դիմել, որովհետեւ կառավարության այդ որոշումը օրենքի խախտումով է ընդունվել, բացի այդ, ճիշտ չէ այն տեղեկությունը, որ ավագանու նշված անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելին, իրենք նիստերին մասնակցել են, սակայն նիստերն արձանագրողներն իրենց մասնակցությունը չեն գրանցել:
Ա. Էլարյանին ասացինք, որ մարտի 11-ին Ազատամուտում ավագանու ընտրություններ են, վարչական դատարանը մինչ այդ կհասցնի՞ իրենց հայցով որոշում կայացնել: Նա ասաց, որ Հայաստանի դատարաններից դժվար է գլուխ հանել: Ա. Էլարյանը դեռ չի որոշել, թե ինքը մարտի 11-ի ընտրություններում իր թեկնածությունը դնելո՞ւ է, թե`ոչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ