Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Փետրվար 09,2018 13:02

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում:

Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգևատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգևները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաև ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահը այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև համալսարանի ներկայիս գործունեությունը:

Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728