Խորհրդարանում ներկայումս «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներն են հանդես գալիս որպես ընդդիմադիր։ Երկու ուժերն էլ պարբերաբար ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք, սակայն, որպես կանոն, մերժվում են։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ ուժերը քաղաքական գործընթացը եւ քաղաքական գործունեությունը հաճախ չեն տարբերակում։
«Ելք» դաշինքը վերջին օրերին երկու անգամ ցույց իրականացրեց թանկացումների դեմ։ Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ դրանք ստրատեգիական տեսանկյունից սխալ էին, քանի որ իրենք թանկացման դեմ են պայքարում։ «Բայց անհրաժեշտ է թանկացնողների դեմ պայքարել։ Հենց այս է պատճառը, որ նրանց ակցիան լայն արձագանք չի գտնում։ Եթե նպատակը սխալ է, ճիշտ քայլեր կատարելու դեպքում անգամ հնարավոր չէ հաջողության հասնել»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Շատ երկրներում զարգացում ապահովելու գրավականներից մեկն էլ իշխանափոխությունն է։ Սակայն մեր երկրում բնակչությունը պարբերաբար միայն լսում է այդ մասին։ Թե ինչու վերջին 20 տարիներին իշխանություն չի փոխվել, քաղտեխնոլոգի կարծիքով՝ պատճառը շատ պարզ է։ «Իշխանափոխության ձգտող ուժերը համապատասխան քաղաքականություն չիրականացրին։ Շատ դեպքերում բաց թողեցին իրենց տրված հնարավորությունը, շատ դեպքերում դիտում էին քաղաքական գործընթացները 88, 91 թվականների համայնապատկերում։ Հաշվի չէին առնում, որ հիմա այդ թվերը չեն։ Բացի այդ՝ հաշվի չէին առնում արտաքին քաղաքական գործընթացները եւ այլն։ Անգամ հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի փորձերը հաշվի չառան՝ մտածելով, թե ամեն ինչ գիտեն եւ մինչեւ վերջ ոչ մի խորհուրդ կողքից չէին լսում։ Արդյունքում շատ ուժեր սխալվեցին»։
Կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը բավական թուլացավ եւ չկարողացավ իշխանությունն իր ձեռքն առնել, իսկ Հանրապետական կուսակցությունն օգտվեց ընդդիմության սխալներից եւ շատ դեպքերում հաջողացրեց ավելի գրագետ աշխատել։ Սրանով է քաղտեխնոլոգը բացատրում այն հանգամանքը, որ շատ կուսակցություններ վերածվել են մարգինալ ուժերի։ Ներկայիս արտախորհրդարանական ուժերը, ըստ նրա, այն ուժերն են, որոնք գրագետ մոտեցում չդրսեւորեցին քաղաքական գործընթացների նկատմամբ։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում