Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում փաստաբանության վրա

Փետրվար 09,2018 12:45

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ՀՀ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի ու մարդու իրավունքների ոլորտներում լուրջ գործողություններ է ենթադրում:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Սարգսյանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ելույթ ունեցավ, հայտարարելով. «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը ՄԵՆՔ դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը…: Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից»:

Պարզ է, որ արդարադատության ու մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված իշխանությունների քայլերը լինելու են ԵՄ հսկողության ներքո, քանի որ հարց է. արդյոք ՀՀ իշխանությունները ունե՞ն քաղաքական կամք` իրականում կատարելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, թե լինելու է դրանց կատարման իմիտացիա: Կարծում եմ, որ այս առումով ԵՄ ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես քաղաքական ենթատեքստով դատավարությունները:

Ըստ նախագահի հայտարարության «մենք»-ի` Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, դատավոր Գաբրիելյանը նույնպես այն արժեհամակարգի դավանողներից են, որը խարսխված է մարդու իրավունքների և ազատությունների վրա: Ուստի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար, որպես այդ բարեփոխումների իրականացման առաջամարտիկ հանդես են գալու նաև նրանք։

Այժմ տեսնենք, թե ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, որպես առաջամարտիկներ ինչ են անում Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը։

Նրանք մեծ արշավ են սկսել փաստաբանության դեմ և փորձում են այս ինստիտուտի մեջքը կոտրել։ Մահակն էլ տալու են դատավոր Գաբրիելյանին։

Նշված անձինք փաստաբանության մեջքը փորձում են կոտրել փաստաբանների, հատկապես քաղաքական ենթատեքստով գործերով պաշտպանություն իրականացնողների նկատմամբ դատական տուգանքի ձևով սանկցիաներ կիրառելով, այսինքն՝ սնանկացնելով։

Պատկերացնելու համար թե ինչպես է դա արվելու, բերեմ օրինակ դատավոր Գաբրիելյանի մինչ այս կայացրած սանկցիաներից։

Այսպես, Սասնա ծռերի գործերով Փաստաբանների պալատը դատավոր Գաբրիելյանից բազմաթիվ սանկցիաներ է ստացել, որոնք նա կիրառել է փաստաբանների հետևյալ գործողությունների համար։

Դատական առաջին նիստերն են, դատավորը մտնում է դահլիճ ամբաստանյալները ոտքի չեն կանգնում, ինչի կապակցությամբ դատավորը սանկցիա է կիրառում և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նրանց մի քանի (կարծեմ 10) ժամով հեռացնում է դահլիճից։ Երբ փաստաբանները, որոնք գործի նախաքննությունից այդ ամբաստանյալների պաշտպաններն էին, ոտքի են կանգնում, որպեսզի առարկեն դատարանի այդ գործողությունների դեմ և ասեն, օրինակ, որ ոտքի չկանգնելու համար ամբաստանյալին 10 ժամով դահլիճից հեռացնելը խիստ պատիժ է, որ Եվրոպական դատարանը այդ կապակցությամբ վճիռ ունի, որ դատարանն ակնհայտորեն թույլ է տալիս կոնվենցիոն իրավունքի խախտում, դատավորը նրանց թույլ չի տալիս այդ և համանման հայտարարություններն անել, պատճառաբանելով, որ փաստաբաններին դեռ որպես պաշտպան չի ներգրավել։

Փաստաբանները դրա դեմ էլ են փորձում առարկել, ասելով որ իրենք պաշտպան են դեռ նախաքննությունից, որ դատարանից դատական նիստի մասին ծանուցագիր են ստացել որպես կոնկրետ ամբաստանյալների պաշտպաններ, այսինքն` դատարանն արդեն իսկ ճանաչել է պաշտպանի իրենց կարգավիճակը։ Սակայն դատավորը նրանց արգելում է այս հայտարարությունն էլ անելը, նախազգուշացնում է և պնդում, որ դեռևս պաշտպանի կարգավիճակ չունեն, քանի որ 10 ժամով դահլիճից հեռացված ամբաստանյալներին դեռ չի հարցրել իրենք ցանկանում են, որ այդ փաստաբանները իրենց պաշտպանությունն իրականացնեն, թե ոչ և չի ստացել դրական պատասխան։

Արդյունքում, փաստաբանները հայտարարում են, որ եթե պաշտպանի կարգավիճակ չունեն և չեն կարող հայտարարություններ, միջնորդություններ անել, իրենք այդտեղ անելիք չունեն, քանի որ ծանուցվել և ներկայացել էին որպես պաշտպան ու հեռանում են դատարանի դահլիճից, քանի որ ըստ քր. դատ. օր-ի իրենք այդտեղ կարող են գտնվել միայն պաշտպանի կարգավիճակով, որ իրենք ձևի համար չեն այդտեղ գտնվում։

Դատարանն էլ նրանց նկատմամբ Փաստաբանների պալատին դիմելու սանկցիաներ է կիրառում, որոշման մեջ նշելով՝ այսինչ ամբաստանյալի ՊԱՇՏՊԱՆ այսինչի, մյուսի ՊԱՇՏՊԱՆ այնինչի նկատմամբ կիրառել դատական սանկցիա առանց դատավորի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու համար։

Ակնհայտ է, որ դատավոր Գաբրիելյանը ինքնահակասական մոտեցում է ցուցաբերել փաստաբանների նկատմամբ, մասնավորապես, երբ նրանք ցանկանում էին հայտարարություններ, միջնորդություններ, ինքնաբացարկի միջնորդություն հայտնել, նա դա թույլ չէր տալիս, պատճառաբանելով, որ դեռ պաշտպանի կարգավիճակ ձեռք չեն բերել, իսկ սանկցիայի կիրառման ժամանակ նույն փաստաբաններին, նույն դրվագի հետ կապված ներկայացնում է որպես պաշտպան։

Բնական է, որ Փաստաբանների պալատի խորհուրդը նշված սանկցիաներով գործի վարույթները կարճում էր, մատնանշելով, որ եթե դատարանը փաստաբաններին դատական նիստում չի ընդունել որպես պաշտպան, թույլ չի տվել օգտվելու պաշտպանի իրավունքներից, այդ փաստաբաններն այդտեղ անելիք չունեին, ինչպես նաև մատնանշելով դատավորի հակասական մոտեցումը փաստաբանների դատավարական կարգավիճակին։ Խորհրդի որոշումն, ի դեպ, կարող է դատական կարգով բողոքարկվել, այսինքն` ենթակա է դատական վերահսկման։

Նույն գործով այլ դեպքերում Փաստաբանների պալատի խորհուրդը դատարանի սանկցիայի որոշման հիման հարուցված կարգապահական գործի շրջանակներում փաստաբաններին կարգապահական պատասխանատվության է ենթարկել, ընդհուպ տուգանքի ձևով, գտնելով, որ փաստաբանները վարքագծի խախտում թույլ են տվել։

Ակնհայտ է, որ դատական նիստերում առանձին դեպքերում փաստաբանների և դատավորների միջև տեղի է ունենում կոնֆլիկտ՝ իրավական հարցի շուրջ։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և պատգամավոր Հրայր Թովմասյանը նստել ու որոշել են, որ նշված «կոնֆլիկտի» անմիջական կողմերից մեկին՝ դատավոր Գաբրիելյանին պետք է տան այնպիսի մահակ, որով նա տեղում կարողանա կոտրել իր մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբանների մեջքը, նրանց տուգանելով հարյուր հազարական դրամներ։

Փաստաբանները, ինչպես նաև ԱԺ ՀՀԿ խմբակցությունից բացի մյուս բոլոր խմբակցությունների պատգամավորները Ազգային ժողովում հարց էին բարձրացնում, թե որքանով է ճիշտ գործը քննող դատավորին, տվյալ դեպքում կոնֆլիկտի կողմերից մեկին այդ գործով իր մասնագիտական պարտականությունները կատարող անձի (փաստաբանի) նկատմամբ տուգանքի, այսինքն՝ սեփականազրկման ձևով սանկցիա կիրառելու իրավունք տալն ու նպատակահարմարությունը, որը ՄԻԵԴ պրակտիկայի համաձայն, չի բացառվում, որ համարվի նաև քրեական պատիժ։

Սահմանադրությունն ու օրենքներն են պահանջում, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից բացի մյուս խմբակցությունների պատգամավորներն ու փաստաբաններն էին պահանջում, որպեսզի օրենքի նման փոփոխության նախաձեռնողները տվյալ օրենքի նախագծին կից առնվազն գրավոր հիմնավորեն, թե ինչում է կայանում նման կարգավորման անհրաժեշտությունը, թե ինչու են ցանկանում փաստաբաններին տուգանելու իրավունքը տալ կոնֆլիկտի կողմին՝ Սասնա ծռերի գործը քննող դատավոր Գաբրիելյանին։

Օրենքի նախագծում, սակայն, ոչինչ նշված չէ, Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանն էլ որևէ հիմնավորում չեն ներկայացնում, պարզապես ասում են՝ այդպես ենք ուզում, ինչը նույնպես համոզմունք է առաջացնում, որ նախաձեռնողները ոչ լեգիտիմ նպատակ են հետապնդում, պարզապես ցանկանում են կոտրել քաղաքացիական հասարակության ինստիտուտ՝ փաստաբանության մեջքը։

Քիչ առաջ Ազգային ժողովը կատարեց Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի ուզածը՝ ընդունեց օրենքը։

Հ․Գ․ Այս անձինք և նրանց հետ փաստաբանության մեջքը կոտրելու նախաձեռնության մյուս մասնակիցները հայտարարում են, որ պետք է գոհ լինենք, որ մեզ լավություն են անում, քանի որ քննարկել են նաև փաստաբաններին 15 սուտկա (1-ից 15 օր վարչական կալանք) տալու հարցը, սակայն կանգնել են տուգանքի վրա։ Պատկերացնու՞մ եք, 15 սուտկա տալը հակասահմանադրական է, Եվրոպական կոնվենցիային է հակասում և Եվրոպական դատարանը այդ հարցով բազմաթիվ վճիռներ ունի Հայաստանի դեմ, սակայն այս անձինք ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո նստել ու լուրջ դեմքով քննարկել են փաստաբաններին 15 սուտկա տալու հարցը։

Լավ է, որ մտքափոխվել են, թե չէ ԱԺ-ն նրանց այդ ուզածն էլ կկատարեր։ Թեև չեմ բացառում, որ նորից մտքափոխվեն, ու նորից 15 սուտկա ուզեն։

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728