Կառավարությունը, ինչպես հայտնի է, «Ներման մասին» օրենքի նոր նախագիծ է մշակել, որով, դատելով որոշ ընթացակարգային ձեւակերպումներից, նախագահից վերցվում եւ վարչապետին է տրվում ներում շնորհելու իրավասությունը։ Այսինքն՝ վարչապետն է դառնում այն պաշտոնյան, որն այս կամ այն անձին ներում շնորհելու առաջարկությամբ դիմում է նախագահին, որն էլ, ըստ էության, դառնում է արդեն կայացված որոշումը վավերացնողը, թեեւ դրա վերաբերյալ կարող է նաեւ առարկություն հայտնել՝ դիմելով Սահմանադրական դատարան։
Դեռ մինչ «Սասնա ծռերի» գործով դատավարության մեկնարկը, տարբեր շրջանակներում խոսվում էր այն մասին, թե այս գործով մեղադրվողների ապագան՝ ազատ արձակվելու առումով, մեկ մարդու ձեռքում է՝ Սերժ Սարգսյանի։ Ակնարկն այն մասին էր, թե կկրկնվի 2008 թ. մարտի 1-ի գործով դատապարտվածներին համաներմամբ ազատ արձակելու գործընթացը, եւ «ծռերի» գործով «նստածները» եւս այդ եղանակով ազատ կարձակվեն։ Ներման խնդրագրի միջոցով ազատ արձակվելու հեռանկարը նույնպես դիտարկվում է որպես տարբերակ։ Այս օրերին էլ հանրության ռրոշ շրջանակներ խոսում են այն մասին, թե իշխանությունները հատուկ են նախագահին զրկել ներման որոշում կայացնելու իրավասությունից՝ հաշվի առնելով ՀՀ ապագա նախագահի անձը։ Ըստ այդմ՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին «ծռերի» գործով անցնողները չեն խորշի ներման խնդրագիր գրել, ինչը երբեք չէին անի Սերժ Սարգսյանի դեպքում, ուստի, քանի որ հենց նա է դիտարկվում որպես ՀՀ ապագա վարչապետ, ներում շնորհելու իրավասությունն օրենքով սահմանված ընթացակարգով վերապահվել է հենց նրան։
Զրուցեցինք «Սասնա ծռերի» գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ, որն ասաց. «Ես դժվար եմ պատկերացնում այն, որ «Սասնա ծռերից» որեւէ մեկը դիմում կամ խնդրագիր կներկայացնի իր ներման համար։ Դրա համար «Սասնա ծռերը» պետք է նախ ընդունեն, որ իրենք հանցագործություն են կատարել։ Իմ անձնական պատկերացմամբ, որքանով որ ես եմ շփվում նրանց հետ, նրանցից որեւէ մեկը դժվար թե դիմում ներկայացնի առ այն, թե՝ խնդրում եմ ներեք իմ գործողությունը։ Այս առումով ես բացառում եմ, որ ներման մասին օրենքի նախագիծը, որին դեռ չեմ հասցրել ծանոթանալ, վերաբերի «Սասնա ծռերին»:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում