«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանի կողմից հրապարակվեց մեղադրական ճառը: Դատախազը նախ անդրադարձավ Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին առաջադրված այն մեղադրանքին, որ նրանք 2015թ.-ին զանգվածային անկարգություններ են նախապատրաստել: Ինչպես նշեց Ենոքյանը, նրանք զանգվածային անկարգությունների ծրագրման նպատակով նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, լրատվամիջոցների եւ հավաքների միջոցով սադրիչ ելույթներ ունեցել եւ հանրությանը դրդել 2015թ. ապրիլի 24-ին զինված դիմադրությամբ հանրային վտանգավորություն ներկայացնող գործողությունների դիմել:
«Նրանք, իբրեւ թե իրավապահներից «ինքնապաշտպանվելու» համար կոչ են արել զինված դիմադրություն ցույց տալ: «Հիմնադիր խորհրդարան»-ի, Շուշիի առանձնակի գումարտակի, «Սարդարապատ» շարժման գրասենյակներում եւ ավտոմեքենայում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 4 տասնյակ գործարանային եւ ինքնաշեն մահակներ, զենքեր, զինամթերք»,-ասված է մեղադրական ճառում:
Ապա Հակոբ Ենոքյանը շարունակեց՝ ամբաստանյալները ծրագրել են մարդաշատ վայրերում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ, զանգվածային անկարգություններ իրականացնել. «Սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ նրանց գործողությունները բացահայտվել եւ կանխվել են իրավապահների կողմից»:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ