ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ չի ցանկանում, որ իր զավակները ծառայեն բանակում։ Խոսքը Միհրան Պողոսյանի մասին է՝ բանանի հայտնի «արքայի»։ Իհարկե, նա այդպես ուղիղ չի հայտարարել։
Նա պարզապես առաջարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել եւ թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել ուսումը օտարերկրյա դպրոցական հաստատություններում, երբ լրանում է զորակոչի տարիքը։ Ուշադրություն դարձրեք, որ Միհրան Պողոսյանը մինչեւ հիմա կարծես թե ոչ մի անգամ աչքի չի ընկել նման նախաձեռնություններով, մինչեւ հիմա զուտ «կնոպկա» սեղմելու ստանդարտ գործառույթներ էր իրականացնում, իսկ հիմա հանկարծ ու միանգամից օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես զալիս։ Պատճառը շատ հասկանալի է. նա երկու զավակ ունի, որոնց զինապարտության տարիքը մանրից մոտենում է։
Եվ հիմա պատգամավորը ոտ ու ձեռ է ընկել, թե ինչպես իր տղաներին ազատի բանակից։ «Պրեստիժի» հարց է. այդ ինչո՞ւ պիտի մեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, հանրապետական կարիերիստ ջահելները խուսափեն ծառայությունից, իսկ ինքը՝ իր հնարավորություններով, կապերով, չկարողանա զավակների դասալքության հարցը լուծել։ Ու անունը դրել է՝ թե եկեք օրենքը մի քիչ փոխենք, որ ով օտարերկրյա դպրոցում է սովորում, նա տարկետման իրավունք ունենա, պարզ ասած՝ չծառայի։ Ու մեկը չլինի հարցնի, այդ ինչո՞ւ օտարերկրյա դպրոցը պետք է ինչ-որ առավելություն ունենա հայկական դպրոցի հանդեպ։ Ինչո՞ւ հայկական դպրոցում սովորողը չի կարող տարկետում վերցնել, իսկ օտարերկրյա դպրոցի դեպքում նման հնարավորություն ունենա։ Այսինքն, հայ պաշտոնյան հայկական դպրոցը ստորադասում է արտասահմանյանից։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում