«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։
– Պարոն Մանուկյան, երեկ խորհրդարանում քննարկվեց «Հանրային խորհրդի մասին» նախագիծը, եւ պատգամավորներից շատերը քննադատեցին կառույցի գործունեությունը՝ ասելով, թե ՕԳԳ-ն ցածր է, առկա չէ։
– Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա։ Ես չեմ հասկանում դա։ Ինձ թվում է՝ պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը։ Իրենք կարող են մտնել կայքերը, նայել։ Չնայած կայքերում տեղադրված է ոչ մեր ամբողջ աշխատանքը, որովհետեւ խորհրդատվությունների մի զգալի մասը, որ մենք անում ենք կառավարությանը, չենք տեղադրում, փակ քննարկումներ են լինում։ Բայց հսկայական գործ է արել Հանրային խորհուրդը։ Եթե հույսը դրել են՝ Ազգային ժողովը չաշխատի, հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք։ Ազգային ժողովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված։
– Կոնկրետ կմատնանշե՞ք դեպքեր, երբ Ձեր խորհրդատվությանը հետեւել են։
– Պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մենք բազմաթիվ կոմպրոմիսային լուծումներ առաջարկեցինք, բայց ոչ մեկը չընդունվեց։ Բայց, օրինակ, կապված հոսանքի գնի բարձրացման կամ ալյուրի հարստացման կամ կինո «Մոսկվայի» փոքր դահլիճը փակել-չփակելու հարցերով բավական լուրջ հաշվի են նստել մեր կարծիքի հետ։
– Պարոն Մանուկյան, հանրային խորհուրդը, սակայն, ձեւական կառույց է համարվում, որը ստեղծվել է՝ հենց Ձեզ պաշտոն տալու համար։
– Եթե դա է մեր հասարակության մտահոգությունը, ես կարող եմ դուրս գալ։ Եթե դա գոհունակություն կառաջացնի մարդկանց մոտ։ Դա նաեւ գալիս է նրանից, որ նրանք չեն իմանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հանրային խորհուրդները մոտավորապես 70 երկրներում կան եւ Սահմանադրությամբ են ամրագրված, օրինակ, Ֆրանսիայում։ Մի մասը նշանակում է կառավարությունը, մի մասը հասարակության տարբեր շերտերի կողմից։ Մյուս երկրներում էլ դա մեկ ընդհանուր մարմին է, սակայն լիազորություններն են տարբեր։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում